Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայս. «Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ Վրաստանում ռազմակայանները փակելու հարցում»


«Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա Վրաստանում ռազմակայանները փակելու հարցում», - հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ Սենատի Հատկացումների ենթակոմիտեում կազմակերպված լսումների ընթացքում Ռայսը ասել է, թե ինքը եւ Միացյալ Նահագների նախագահ Ջորջ Բուշը Մոսկվայում բանակցությունների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների առկայության կապակցությամբ:

Ըստ գործակալության, ռուսաստանյան փորձագետները նշում են, թե ռազմակայանների հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը կապված է Հարավային Կովկասում իր հիմնական դաշնակցի՝ Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները վտանգելու մտավախության հետ, քանի որ Ռուսաստանը Հայաստանի հետ չունի սահմաններ եւ Գյումրիի 102-րդ ռազմակայանը զինվորականներով ու տեխնիկայով ապահովելու համար օգտագործում է Վրաստանի տարածքը:

Երեքշաբթի օրը վրաստանյան «Իմեդի» հեռուստատեսության հարցազրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասի պետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին, Կոնդոլիզա Ռայսը հայտարարել էր. - «Մենք հարաբերություններ ունենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ եւ գնահատում ենք այդ հարաբերությունները: Մենք կարեւոր ենք համարում ժողովրդավարության տարածումը Կովկասում»:

«Վրաստանը հիանալի օրինակ է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մարդիկ սկսում են զբաղեցնել իրենց օրինական տեղը իրենց շրջապատող ընկերակցությունում», - ավելացրել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG