Մատչելիության հղումներ

Վրաստանը կարող է մայիսի 15-ից սկսել ռուսաստանյան ռազմակայանների միակողմանի դուրսբերումը


Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են կիրառել երկրի տարածքից ռուսաստանյան ռազմակայանները միակողմանիորեն դուրս բերելու մասին երկրի խորհրդարանի մարտի 9-ի բանաձեւը:

«Եթե առաջիկա օրերին այս հարցում առաջխաղացում չարձանագրվի, խորհրդարանի բանաձեւը ուժի մեջ կմտնի», - ըստ «Կավկազպրես» գործակալության, Ռիգա մեկնելուց առաջ հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ ավելացնելով. - «Ռուսաստանը Բաթումիի եւ Ախալքալակի ռազմակայանների դուրսբերման հարցում որեւէ իրատեսական քայլ չի ձեռնարկում»:

Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձեւը նախատեսում է, որ, եթե կողմերը այս հարցում համաձայնության չհանգեն մինչեւ մայիսի 15-ը, Վրաստանի արտգործնախարարությունը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ռուսաստանցի զինծառայողներին, իսկ ռազմակայանների պարտքերը կձեւակերպեն որպես Ռուսաստանի պետական պարտք Վրաստանին:

Ըստ նախնական պայմանավորվածության, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները մայիսի 8-ին պետք է ստորագրեին մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը ռազմակայանների ամբողջական դուրսբերման մասին համաձայնագիրը: Սակայն ռուսական կողմը ստորագրումից երեք օռ առաջ հայտարարել էր, թե դրանց դուրս բերման համար կպահանջվի առնվազն 4 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG