Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը Վարշավայում որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը հերքել է Վարշավայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրման մասին լուրերը:

«Համաձայնագրի ոչ մի կոնկրետ փաստաթուղթ կամ դրա նախագիծ գոյություն չունի: Վերջին բանակցությունների ժամանակ համաձայնագրի մասին խոսք անգամ չի եղել», - ըստ «Թուրան» գործակալության, հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի բանակցությունները Պրահայի գործընթացի շարունակությունն էին՝ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հստակեցրել են հետագա աշխատանքների շրջանակը:

«Հաջորդ շաբաթ Վարշավայում նախատեսվում է հանդիպում նախագահների մակարդակով, որից հետո հայտնի կդառնա հետագա աշխատանքների ուղղությունը», - ասել է Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնելով, որ վերջին անգամ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդիպել են անցյալ տարի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ադրբեջանի արտգործնախարարը ասել է. - «Անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել արտգործնախարարների մակարդակով: Վարշավայի հանդիպման ընթացքում գնահատական կտրվի Պրահայի գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքին: Դրանից հետո նախագահները կնշեն, թե որ ուղղությամբ կառուցենք հետագա աշխատանքը», - հայտարարել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG