Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Վրաստանը կարող է ծառայել որպես ժողովրդավարական փոփոխությունների մոդել»


«Վրաստանը կարող է ծառայել որպես ժողովրդավարական փոփոխությունների մոդել եւ ոգեշնչել ազատասեր ժողովուրդներին ամբողջ աշխարհում», - երեքշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

DPA գործակալության փոխանցմամբ, նախագահ Բուշը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ համատեղ ասուլիսում դրվատանքով է խոսել Վրաստանի 2003 թվականի «վարդերի հեղափոխության» մասին:

Ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, Ջորջ Բուշը նշել է նաեւ, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Վրաստանին լուծելու «ներքին հակամարտությունները Ռուսաստանին սահմանամերձ լեռնային շրջաններում»:

«Վրաստանը կարող է դրանք լուծել խաղաղ ճանապարհով մեր օգնությամբ: Միացյալ Նահանգները չի կարող լուծում պարտադրել. դուք դա չեք էլ ցանկանա: Բայց մենք կարող ենք աշխատել միջազգային մարմինների, օրինակ՝ ՄԱԿ-ի հետ», - ասել է Բուշը՝ ավելացնելով, թե Միխեիլ Սահակաշվիլու հետ քննարկել է նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունները:

Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով, այդ հակամարտությունները վերջնականապես պետք է լուծվեն Վրաստանի կառավարության եւ «անջատողական շրջանների բնակիչների» կողմից, սակայն՝ «եթե նախագահ Սահակաշվիլին պետք է 1 կամ 2 հեռախոսազանգ անի՝ նա կարող է ակնկալել Վաշինգտոնի աջակցությունը»:

«Ես գնահատում եմ ձեր բարեփոխումները: Վրաստանին հաջողվել է շատ բան անել «վարդերի հեղափոխությունից» հետո անցած կարճ ժամանակահատվածում, եւ Վրաստանի նախագահը գիտի, որ դեռ շատ անելիք ունի ժողովրդավարության զարգացման գործում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը իր հերթին կաջակցի Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ կօգնի երկրին հասնելու իր նպատակներին՝ ներառյալ հետագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG