Մատչելիության հղումներ

Նշվեց Հայրենական պատերազմում հաղթանակի 60-րդ տարեդարձը


Հայաստանում մայիսի 9-ը՝ Խաղաղության եւ հաղթանակի տոնը նշանավորող միջոցառումները այսօր անցան հիմնականում «Հաղթանակ» զբոսայգում եւ Եռաբլուրում:

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի հուշաքարին առավոտյան ծաղկեպսակներ դրեցին երկրի ղեկավարները, զինվորականներ, Հայրենական պատերազմի վետերանները, տասնյակ հազարավոր երեւանցիներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակն ու 1992-ին Շուշիի գրավումը միավորող տոնի կապակցությամբ ուղերձներ են հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում է մասնակցում Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի միջոցառումներին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ազգայի ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Եռաբլուրում, որտեղ նույնպես Հայաստանի կառավարության անդամները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր ծաղիկներ դրեցին «Բերդապար» հուշակողոթին եւ Վազգեն Սարգսյանի շիրմաքարին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Ավելի ուշ գրավեինք [Շուշին], ավելի շատ զոհեր կունենայինք, ավելի ծանր կլիներ 94 թվականի զինադադարի հաստատումը: Շուշին դա վերջակետն էր այն պաշտպանական գործողությունների, որ կատարվում էր Ղարաբաղի Հանրապետությունում»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե չլիներ Շուշիի հաղթանակը, հայերը կկորցնեին Ղարաբաղը:

«Որովհետեւ Շուշիի գրավմանը մասնակցում էին մեր լավագույն ուժերը, եւ ձախորդությունն այնտեղ, իհարկե, կոգեւորեր ադրբեջանցիներին, եւ նրանք, կարծում եմ, շատ հանգիստ, հեշտ կգրավեին ողջ Ղարաբաղը», - լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG