Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Ժողովրդավարությունը հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ ձեւն է»


«ժողովրդավարությունը հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ ձեւն է», - Վրաստան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության բացառիկ հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

Նրա համոզմամբ, երբ Վրաստանի տնտեսությունը զարգանա եւ ուժեղանա, Ռուսաստանը կհասկանա, որ «հարուստ ժողովրդավար հարեւան ունենալը ելնում է նաեւ ռուս ժողովրդի շահերից»:

«Երբ հանդիպեմ նախագահ Պուտինին, անպայման մեկ անգամ եւս նրան հիշեցնելու եմ, որ Ռուսաստանին սահմանակից ժողովրդավարական պետությունների զարգացումը ձեռնտու է հենց Ռուսաստանին», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը՝ մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխություններին: - «Կհիշեցնեմ Պուտինին, որ այդ իրադարձությունները կոնկրետ անձի կամ պետության կողմից ծրագրված չեն եղել: Դա մարդկային էության արտահայտությունն էր, որովհետեւ բոլորը ցանկանում են ազատ լինել»:

Անդրադառնալով Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման խնդրին, Ջորջ Բուշը հույս է հայնտել թե այն կլուծվի «բանակցային ճանապարհով»:

«Ինչ վերաբերում է ռազմակայանների հետ կապված անհամաձայնությանը, ես կարող եմ որոշակի օգնություն ցույց տալ ձեզ», - նշել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով. - «Սակայն այդ հիմնախնդրի կարգավորման լավագույն ուղին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ խաղաղ երկխոսությունն է: Կարծում եմ, այս փուլում շատ լավ հնարավորություն կա այդ հիմնախնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»:

Նախագահ Ջորջ Բուշը գտնում է, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների հետ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

«Սակայն համաձայն եմ՝ դժվար է կոմունիստական կարգից անցում կատարել ազատ, ժողովրդավարական կարգերի: Բայց կարծում եմ, որ Վրաստանի նախագահը եւ կառավարությունը լավ են հասկանում այդ դժվարությունները», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ջորջ Բուշը նաեւ ասել է, որ Վրաստանի «տնտեսական ճակատում շատ անելիքներ կան»: Նա նշել է, որ արմատախիլ անելով կոռուպցիան, հաստատելով օրենքի գերակայություն եւ թափանցիկություն՝ ներդրումների հնարավորություններ կստեղծվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG