Մատչելիության հղումներ

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը անցել է առանց Ալիեւի եւ Սահակաշվիլու


Կիրակի օրը Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել»-ում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե 12 երկրներ միավորող ԱՊՀ-ն շարունակում է արդիական մնալ՝ կոչ անելով իր գործընկերներին պաշտպանել կառույցի գոյությունը:

Գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է Մարդասիրական բնագավառում համագործակցության մասին հռչակագիրը, որը կոչված է հիմք դառնալ մշակութային, գիտական եւ կրթական ոլորտներում բազմակողմ հարաբերությունների զարգացման համար:

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցում են կազմակերպության 12 երկրների ղեկավարներից 10-ը: Դիտորդները նշում են, որ Մոսկվա է ժամանել նույնիսկ Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովը, որը սովորաբար ոչ պաշտոնական հանդիպումներից խուսափում է:

Բացի այդ, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը առաջին անգամ մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ Ղրղըզստանի նախագահի պաշտոնակատար Կուրմանբեկ Բակիեւը:

Մայիսի 8-ին Մոսկվա չէին ժամանել միայն Վրաստանի եւ Ադրեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահը դեռ անցած շաբաթասկզբին էր հայտարարել, թե չի ցանկանում Շուշիի գրավման օրը՝ մայիսի 8-ին, հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը Մոսկվա է ժամանել երկուշաբթի օրը՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին:

Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է մասնակցել երկու միջոցառումներին էլ՝ դա պատճառաբանելով Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման շուրջ մայիսի 6-ին կայացած բանակցությունների անհաջողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG