Մատչելիության հղումներ

Բուշը հորդորելու է շարունակել «ժողովրդավարական բարեփոխումները» Հարավային Կովկասում


Ինչպես չորեքշաբթի երեկոյան ասել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները, հաջորդ շաբաթ այցով Թբիլիսի ժամանող Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը առանձնացնելու է Վրաստանը որպես ժողովրդավարությանն անցման հաջող օրինակ, որին պետք է հետեւեն հարեւան Հայաստանն ու Ադրբեջանը:

Վարչակազմի պաշտոնյաները, այդուհանդերձ, նշել են, որ նախագահ Բուշի աջակցությունը 2003 թվականի նոյեմբերյան «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությանը չպետք է մեկնաբանվի որպես Միացյալ Նահանգների աջակցություն ռեժիմի նմանօրինակ փոփոխություններին Բաքվում եւ Երեւանում:

Ջորջ Բուշը կլինի Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով կժամանի Հարավային Կովկաս: Մայիսի 10-ին ակնկալվող այդ մեկօրյա այցը հզոր աջակցություն կդառնա նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համար:

«Միացյալ Նահանգների նախագահը գալու է Վրաստան՝ արտահայտելու իր աջակցությունը Վրաստանում իրականացվող բարեփոխումներին», - անցած շաբաթավերջին ասել էր Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլու ասածը չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանի եւ Հայաստանի մի խումբ լրագրողների հետ հեռախոսային հարցազրույցում հաստատեց Բուշի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Անանուն մնալ ցանկացած պաշտոնյան ասաց նաեւ, որ խախտումներով անցած խորհրդարանական ընտրություններից հետո բռնկված վարդերի հեղափոխությունը «լճացման ժամանակաշրջանից հետո Վրաստանին ընձեռված հնարավորություն է»:

«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները ավելի ունակ են բարելավելու մարդկանց կյանքը եւ հաղթահարելու 21-րդ դարի մարտահրավերները», - ասաց նա:

Ամերիկացի պաշտոնյան, այդուհաներձ, հստակեցրեց, որ Վաշինգտոնը իշխանափոխությունը պարտադիր պայման չի համարում Հայաստանում եւ Ադրբեջանում «ժողովրդավարական բարեփոխումների» համար՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները փոխարենը «կաշխատի» այդ երկրների կառավարությունների հետ, որպեսզի «ավելի ժողովրդավարական լինեն հաջորդ ընտրությունները»:

«Մենք խրախուսում են բարեփոխումները ինչպես երկու երկրների իշխանությունների ներսում, այնպես դրանցից դուրս», - ասաց նա՝ ավելացնելով, որ հարավկովկասյան այդ երկու երկրների ընդդիմադիր ուժերը պետք է ներգրավվեն «խաղաղ ժողովրդավարական գործընթացներում»:

«Մեր հարաբերությունները ժողովրդավարացմանը հետամուտ իշխանությունների հետ միշտ ավելի լավն են, քան դրան ընդդիմացողների հետ», - ասաց Բուշի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG