Մատչելիության հղումներ

Գառնիկ Իսագուլյան. «Մենք պարտավոր չենք հերքել որեւէ մեկի հիվանդ երեւակայության արդյունքը»


Ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «հիվանդ երեւակայության արդյունք» է համարում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտարարությունը, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպված էր Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության կողմից:

«Որեւէ մեկի հիվանդ երեւակայության արդյունքում մենք պարտավոր չենք բացատրություններ տալ կամ փորձել հիմնավորել կամ հերքել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իսագուլյանը: - «Այդ հարցի հետ կապված կա Հայաստանի Հանրապետության դատարանում կայացված դատավճիռ, եւ հարցը փակված է»:

Ադրբեջանական ինտերնետային լրատվամիջոցներից մեկում տեղադրված հարցազրույցում Ալեքսանդր Լիտվինենկոն, ով հեռանալով Ռուսաստանից քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում եւ ներկայումս բնակվում է Լոնդոնում, հայտարարել էր. - «Ռուսաստանի հատուկ ծառայություների ղեկավարներից շատերին հաստատապես հայտնի է, որ 1999 թվականին Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպված էր Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության կողմից: Այս հատուկ օպերացիայով ռուսաստանյան քաղաքական ղեկավարությանը հաջողվեց կանխել Ղարաբաղյան հակամարտության կարգավարման համաձայնագրի ստորագրումը»:

«Եթե չեմ սխալվում, խոսքը ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ստորագրվելիք հայտարարության մասին էր», - realazer.com-ի հարցազրույցում ասել է Լիտվինենկոն՝ ավելացնելով, թե խաղաղության գործընթացը զարգանում էր Ռուսաստանի վերահսկողությունից դուրս, ինչն էլ ռուսաստանյան հատուկ ծառայություններին մղել էր Հայաստանի խորհրդարանում հատուկ օպերացիա իրականացնել:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնի ղեկավար Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացառում է, որ «Հոկտեմբերիի 27»-ը կազմակերպված կարող էր լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Նրա խոսքերով, անցկացված հետաքննության եւ հասարակության ակնդետ ուշադրության պայմաններում անցած դատավարության ընթացքում նման «որեւէ փաստ, անգամ որեւէ ակնարկ» չի եղել:

«Ովքեր ինչ-որ պետության մեջ ծառայել են հատուկ ծառայություններում, հանկարծ հայտնվելով այլ պետության մեջ, սկսում են ֆանտաստիկ բաներ նկարագրել. այդ մարդիկ հիվանդ են», - ասաց Գառնիկ Իսագուլյանը: - «Նման ծառայությունների իսկական աշխատակիցները՝ մարդիկ, ովքեր իսկապես տիրապետում են ինֆորմացիայի, երբեք չեն խոսում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG