Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, քանի որ չի ցանկանում հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Ադրբեջանի նախագահը հնարավոր չի համարում մայիսի 8-ին՝ Շուշիի գրավման օրը ներկա գտնվել միջոցառմանը, որին մասնակցելու է նաեւ ագրեսոր պետության՝ Հայաստանի նախագահը», - «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ասված է Արդբեջանի նախագահի՝ երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, թե Իլհամ Ալիեւը Մոսկվա կմեկնի մայիսի 9-ին՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակի միջոցառումներին:

Ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնելով ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու իր որոշման մասին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, ի պատասխան Ալիեւի հայտարարության, տարածած հաղորդագրությամբ հիշեցնում է, որ «հայկական Շուշի քաղաքը ազատագրվել է ադրբեջանական օկուպացիայից մայիսի 9-ին, եւ հենց այդ օրն է ամեն տարի նշվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG