Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը Թուրքիային հորդորում է շարունակել բարեփոխումները


Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ըստ «Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալության, թուրքերին հավաստիացրել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցությունները, ինչպես եւ նախատեսված էր, կսկսվեն այս տարվա հոկտեմբերի 3-ին: Միաժամանակ Շրյոդերն ասել է, թե Անկարան պարտավոր է շարունակել բարեփոխումների գործընթացը:

«Շատ կարեւոր է առաջ գնալ ընտրած ճանապարհով: Բարեփոխումները՝ հատկապես մարդու հիմնարար ազատությունների եւ փոքրամասնությունների իրավունքների բնագավառում, պետք է իրականացվեն: Պետք է հստակ դառնա, որ այդ հարցում նահանջ չի լինի», - Անկարա կատարելիք այցի նախօրեին թուրքական մամուլին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլերը՝ ավելացնելով. - «Այդ առիթով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ կա մենթալիտետի փոփոխության կարիք, ինչը մեկ օրում չի լինում»:

Շրյոդերն այդ հարցազրույցում նաեւ ասել է, թե Առաջին աշխարհամարտում «հայերի սպանդի հանգամանքները համատեղ ուսումնասիրելու եւ միաժամանակ Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելու մասին Էրդողանի առաջարկը ճիշտ ուղղությամբ արված քայլ է»:

«Ասոշիեյթեդ Փրես»-ը հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունել այդ առաջարկը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG