Մատչելիության հղումներ

Գարնանային վարարումները վնասներ են հասցրել նաեւ Սամցխե-Ջավախքում


Հորդառատ անձրեւները շարունակվում են ամբողջ Վրաստանում: Չդադարող տեղումների եւ ձնհալի հետեւանքով առաջացած վարարումները վնասներ են հասցրել նաեւ Սամցխե-Ջավախքում:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, եթե Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում վարարումների պատճառած վնասները մասնակի են, ապա Ախալցխայի շրջանում դրանք գնալով մեծանում են:

Այստեղ վնասվել են գյուղական ճանապարհները, տասնյակ հեկտար ցանքատարածություններ: Վարարումների դեմ միջոցներ ձեռնարկելու համար Ախալցխա են ժամանել Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը Թբիլիսի է հասել մարդասիրական օգնությունը Նորվեգիայից՝ վրաններ, հագուստ, սննդամթերք եւ դեղորայք: Նախօրեին շուրջ 50 հազար դոլարի առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստացվել Միացյալ Նահանգներից: Վրաստանին 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն ցուցաբերելու որոշում է կայացրել նաեւ Ադրբեջանի կառավարությունը:

Անցած շաբաթ հորդառատ անձրեւների եւ ձնհալի հետեւանքով Վրաստանի արեւմտյան շրջաններում ափերից դուրս էին եկել գետերը՝ մեծ վնաս հասցնելով 8 շրջաններում, որտեղ փլուզվել են բնակելի տներ, շարքից դուրս եկել կամուրջները, ավտոմայրուղիները, վնասվել են էներգամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերը:

Հինգշաբթի օրը Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել աղետի հետեւանքների վերացմանը հատկացնել 20 միլիոն լարի (շուրջ 11 միլիոն դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG