Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսվեց հայազգի լրագրողի գործով դատավարությունը


Այսօր Թուրքիայում, Ուրֆայում սկսվեց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Դինքը, մեղադրանքը կապված է 3 տարի առաջ Ուրֆայում կազմակերպված գիտաժողովում իր հնչեցրած մեկնաբանությունների հետ:

Թուրքական բոլոր դպրոցներում դասերը սկսելուց առաջ երեխաները երդում են արտասանում, որը հնչում է այսպես՝ «Ես թուրք եմ, ես ազնիվ եմ, ես ջանասեր եմ»: Թեեւ դեռ 1923 թվականի Լոզանի պայմանագրով հայերը, հույները եւ հրեաները ճանաչվել են փոքրամասնություն, դպրոցներում բոլորը պարտադիր պետք է արտասանեն այդ բառերը: Նշված գիտաժողովում Դինքը փաստել է, որ այդ երդումը իրեն դուր չի եկել:

«Այո, ես ազնիվ եմ, ջանասեր եմ, բայց ես թուրք չեմ, ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց հայ եմ», - ասել էր Դինքը:

Հայազգի լրագրողը մեղադրվում է նաեւ նրանում, որ դժգոհություն է հայտնել Թուրքիայի պետական հիմնում առկա «հերոսական ցեղ» բառակապակցության դեմ:

«Պաշտոնապես ինձ մեղադրում են «թրքությունը այպանելու եւ վիրավորելու մեջ», - ասաց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը: Նա հայտնեց նաեւ, որ դատավարությանը չի մասնակցում, այլ պատրաստվում է մայիսին իր պաշտպանությամբ հանդես գալ Ստամբուլի դատախազությունում, ինչը թույլատրվում է Թուրքիայի օրենքներով:

«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ եթե հայ լրագրողը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG