Մատչելիության հղումներ

Ֆրանկֆուրտում նախատեսված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը «միմիայն Էլմար Մամեդյարովի հետ»


Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, հերքելով արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե «Էլմար Մամեդյարովը տեղյակ չէ, թե ինչու Վարդան Օսկանյանը չի մասնակցել երեկ Ֆրանկֆուրտում կայացած հանդիպմանը», «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, պարզաբանել է, որ «Ֆրանկֆուրտի հանդիպման ֆորմատը հենց այնպիսին է, ինչպես որ նախապես պայմանավորված էր»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են միմիայն Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահներն այդ մասին նախօրոք տեղյակ են պահել հանրությանը», - ասել է Համլետ Գասպարյանը:

«Մենք պարզապես զարմանում ենք, թե այս պարզ իրավիճակը ինչո՞ւ է այդքան խճճվում ադրբեջանական կողմից, մանավանդ այդ երկրի արտաքին գործերի նախարարության, եւ եթե հավատանք մամուլին, նույնինքն Մամեդյարովի մակարդակով: Չէ՞ որ ով-ով, բայց վերջինս առավել քան տեղյակ է, թե ինքը ո՞ւր է մեկնում եւ ո՞ւմ հետ պետք է հանդիպի», - ավելացրել է արտգործնախարարության խոսնակը՝ վերահաստատելով նաեւ, որ պայմանավորվածություն կա առաջիկայում եվրոպական որեւէ մայրաքաղաքում կազմակերպել ԵԱՀԿ համանախագահների հանդիպում Վարդան Օսկանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG