Մատչելիության հղումներ

Թուրքիան հրաժարվում է դուրս գրել Ադրբեջանի պարտքը էլեկտրաէներգիայի դիմաց


Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Նախիջեւանին:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, դեսպանը նշել է, թե մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց 150 միլիոն դոլարի պարտքի ամբողջական դուրսգրումը անհնարին է:

«Երկկողմ հանձնաժողովի վերջին նիստում որոշվել էր հարցը կարգավորել երեք ամսվա ընթացքում: Եթե Ադրբեջանը չսկսի մարել պարտքը, էներգամատակարարումը Նախիջեւան կդադարեցվի»,- ասել է դեսպանը:

Անցած շաբաթ Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը հայտարարել էր, թե Ադրբեջանը չի պատրաստվում Թուրքիային վճարել այդ պարտքը:

«Մենք հետաքրքրված ենք պարտքի մարմամբ, այդ պատճառով առաջարկում ենք այն դուրս գրել որպես տեխնիկական կորուստներ», - հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը՝ հույս հայտնելով, թե իրավիճակը բացասական ազդեցություն չի ունենա թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում դեսպան Մորալին անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին՝ չբացառելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի մասնակի վերաբացման հնարավորությունը: Դեսպանը նշել է, թե դրա համար Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ կառուցի իր հարեւանների հետ:

«Այս ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկելը լիովին կախված է Հայաստանից», - ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG