Մատչելիության հղումներ

«Ֆրանկֆուրտում շարունակվել է Պրահայի գործընթացը»


Չորեքշաբթի օրը Ֆրանկֆուրտում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահներ Սթիվեն Մաննի, Բերնար Ֆասիեյի ու 3ուրի Մերզլյակովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը դեռ մի քանի օր առաջ բացառել էր իր մասնակցությունն այդ հանդիպմանը:

Հանդիպումը տեղի է ունեցել «Ամերիքեն Հաուս» հայտնի կենտրոնում, որտեղ գտնվում է նաեւ Ֆրանկֆուրտում ԱՄՆ հյուպատոսությունը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը հաղորդել է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը:

Հանդիպումից հետո Մամեդյարովը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, որ Ֆրանկֆուրտում շարունակվել է Պրահայի գործընթացը:

«Դա եւս մեկ քայլ էր բանակցային գործընթացում: Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնց անդրադարձել էինք ապրիլի 15-ին Լոնդոնում», - ասել է ադրբեջանցի նախարարը՝ ավելացնելով. - «Ֆրանկֆուրտում որոշակի առաջխաղացում է գրանցվել, սակայն կողմերի միջեւ դեռ կան լուրջ տարաձայնություններ»:

Ֆրանկֆուրտում քննարկվող հարցերից մեկը նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունն էր: Մայիսին երկու նախագահները՝ նույնիսկ եթե չբանակցեն, առնվազն երկու անգամ նույն օրերին կլինեն նույն քաղաքներում. նախ Մոսկվայում մայիսի 9-ին կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակի միջոցառումներին, ապա մայիսի 15-16-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին:

Ֆրանկֆուրտյան բանակցությունների մասնակիցները կարծիք են հայտնել, թե Վարդան 0սկանյանի բացակայությունը, այնուամենայնիվ, չի նշանակում Պրահայի գործընթացի ձախողում, որովհետեւ նախագահ Քոչարյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիացի համանախագահ Ֆասիեյին, իսկ ամերիկացի Մաննը այս օրերին Բաքվում էր, որտեղ բանակցել է Իլհամ Ալիեւի հետ: Դա նշանակոււմ է, որ «համանախագահներ-նախագահներ» եւ «համանախագահներ-նախարարներ» ձեւաչափերով շփումները շարունակվում են:

Մոտ ժամանակներս Եվրոպայում՝ այս անգամ արդեն առանց Մամեդյարովի մասնակցության, Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդիպեն Վարդան 0սկանյանի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG