Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. - «Մենք փորձում ենք պաշտպանել քաղաքացուն դատարանի կամայականություններից»


Սահմանադրական դատարանը այսօր պետք է քններ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի հոդվածներից մեկի սահմանադրականությունը, որում ամրագրվում է դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին տեղեկություններ պահանջելու եւ դատարանին առաջարկներ ներկայացնելու՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը իրավունքը: Նիստը, սակայն, հետաձգվեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի բացակայության պատճառով:

Գործադիր իշխանությունը, ի դեմս արդարադատության նախարարի, համարում է, որ նշված դրույթը կարող է խախտել դատարանի անկախության սկզբունքը: Կառավարությունը ավելի վաղ առաջարկել էր օրենքում համապատասխան փոփոխություն կատարել, սակայն Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

«Մարդու իրավունքների պաշտպանին դատարանից ընդհանրապես մեկուսացնել չի կարելի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերհաստատելով հանձնաժողովի դիրքորոշումը, երեկ ասել էր Ռաֆիկ Պետրոսյանը՝ այդուհանդերձ փոխանցելով, որ ըստ արդարադատության նախարարության տրամադրած փաստաթղթի, որոշ դեպքերում եղել է մարդու իրավունքների պաշտպանի կողմից միջամտություն դատարանի գործունեությանը: - «Մի խոսքով, նա որոշ չափով գերազանցել է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է օրենքից հանենք այն դրույթը, որով նա տեղեկություններ ստանալու իրավունք ունի»:

Հարցին էլ, թե արդյո՞ք օրենքով մարդու իրավունքների պաշտպանին վերապահված իրավունքերը կարող են դիտվել որպես միջամտություն դատական պրոցեսին եւ արդյո՞ք գործնականում նման միջամտության դեպքեր լինում են, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Մեր կարծիքով, լինում են: Եվ տեղեկանքում, որը ներկայացված է եղել, փորձել ենք բերել այնպիսի փաստեր, որոնք, մեր կարծիքով, խախտում են դատարանի անկախության սկզբունքը»:

Արդարադատության նախարարը որպես օրինակ բերեց դատավարության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնչեցված գնահատականները, որոնք «կարող են ազդել դատարանի անկախության վրա»:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր Սահմանադրական դատարան էր եկել Լեհաստանի օմբուդսմանի աշխատակազմում սահմանադրական եւ միջազգային իրավունքի դեպարտամենտի տնօրեն, ԵԱՀԿ փորձագետ Անդժեյ Մալանովսկու հետ: Վերջինս ասաց, թե իր դիտարկմամբ, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրների պրակտիկայի տեսանկյունից օմբուդսմանի մասնակցույթունը դատական գործընթացին չի կարող ազդել դատարանի անկախության վրա: Ավելին, Լեհաստանում, օրինակ, օմբուդսմանը նույնիսկ կարող է ելույթ ունենալ դատարանում որպես կողմ, բողոքարկել դատարանի ցանկացած որոշում:

«Օմբուդսմանի մասնակցությունը դատական գործընթացին չի կարող ազդել դատարանի անկախության վրա, քանի որ անկախությունը մի բան է, որ դատարանը ինքը պե'տք է ունենա: Օմբուդսմենը բերում է փաստարկներ, հայտնում է իր տեսակետը, իսկ անկախ դատարանը պետք է անկախ որոշում կայացնի», - շարունակեց Մալանովսկին: - «Եթե որեւէ մեկը ասում է, որ օմբուդսմենի մասնակցությունը ազդում է դատարանի անկախության վրա, ապա նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ազդում է նաեւ դատախազը, կամ դատապաշտպանը կամ կողմերից որեւէ մեկը»:

Լարիսա Ալավերդյանը գործադիր իշխանության կողմից տեսնում է մարդու իրավունքների պաշտպանին դատարանում տիրող իրականությունից հեռու պահելու ցանկություն: Նրա խոսքերով, դատական իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահության հիմքը այն է, որ «ռեալ կյանքում եւ օրենսդրական դաշտում դատական համակարգը կախված է գործադիր իշխանություններից»:

Լարիսա Ալավերդյանը նաեւ վստահ է որ իրենք չեն միջամտում դատական վարույթին եւ չեն պաշտպանում իրենց դիմած այս կամ այն կողմին: Մարդու իրավունքների պաշտպանը, նրա պնդմամբ, փորձում է պաշտպանել քաղաքացուն դատարանի կամայականություններից:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG