Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արտահայտությունը, որ կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, «Առավոտ» թերթի խմբագրի բնորոշմամբ՝ Հայաստանի դեպքում միանգամայն ճիշտ է «ոչ այն պատճառով, որ մեծ է սխալվելու վտանգը, այլ ճիշտ հակառակը՝ նման վտանգ բացարձակապես չկա»: «Ուրեմն, ո՞ւմ է պետք պատմել այն, ինչ բոլորին վաղօրոք հայտնի է: Մարդիկ չեն ուզում 1000-րդ անգամ լսել նույն արտահայտությունները: Նրանք ընդհանրապես չեն ուզում ոչ մեկին լսել: Մարդիկ ուզում են լավ ապրել», - խտացնում է խմբագիրը եւ նախանշում, որ դա չի ստացվի, եթե այսպես շարունակվի: «Պաշտոնապես հայտարարված 10 տոկոսանոց տարեկան տնտեսական աճի դեպքում մենք եվրոպական երկրի կյանքի ներկայիս ստանդարտներին կհասնենք ուղիղ 100 տարի հետո: Բայց երկրները, որոնց մենք ուզում ենք նմանվել, նույնպես զարգանալու են, եւ հարյուր տարի հետո անդունդը, որը մեզ բաժանում է զարգացած երկրներից, կլինի ոչ թե նույնը, այլ՝ ավելի մեծ»: Այս առումով «Առավոտ»-ում շեշտված է. - «Միայն Հարավային Կովկասի երեք պետությունները միասին կարող են ինչ-որ հետաքրքրություն ներկայացնել խոշոր համաշխարհային կապիտալի համար... Այդ ո՞ր մի խելահասը պիտի լուրջ ներդրումներ անի փոքր, աղքատ եւ անկարգ երկրի մեջ»: Խմբագիրը կանխատեսում է նաեւ, որ այս ընթացքով «2008 թվականին նախագահ է հռչակվելու Սերժ Սարգսյանը». - «Նրանք, ովքեր ասում են, որ Սարգսյանը նախագահ չի լինելու, որ այս անգամ չի ստացվելու, ժողովուրդը կամ Եվրոպայի խորհուրդը չեն թողնի, այդ մարդիկ իրենց պարզապես «դուխ» են տալիս: Ճիշտ նույնը նրանք ասում էին 2003-ին: 2008-ին նույնպես ընդդիմությունը մեկ-երկու միտինգ կանի, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ ԱՄՆ պետդեպարտամենտը կհայտարարեն, որ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին, ԱՊՀ դիտորդները կասեն, որ դրանք միանգամայն արդար էին, իսկ Սահմանադրական դատարանը դրանք կհաստատի... Այդ ամենն այնքան կրկնվող է եւ տրիվիալ, որ իսկապես կանխատեսել չարժե», - եզրափակված է «Առավոտ»-ում:

«Երբ անսպասելի հրաժարական տվեց Ավանի գործող թաղապետը, ու հայտնի դարձավ, որ թաղապետական արտահերթ ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 27-ամյա որդի Տարոնը, բոլորի համար սպասվող այս ընտրության արդյունքը համարվեց կանխորոշված: Բայց այստեղ մի լուրջ դիմակայություն այնուամենայնիվ ուրվագծվում է», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ Ավանի ԵԿՄ տարածքային կազմակերպության քարտուղար Պետրոս Ամիրյանը: Նա էլ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի աներձագն է»: Այս թեկնածուն նույնպես ասում է. - «Դա ժողովրդի ցանկությունն է, որ առաջադրեմ իմ թեկնածությունը... Դուխը մարդու միջից պետք է լինի, որ նա գնա նման քայլի: Ես այդ դուխն ունեմ իմ միջից եւ գնալու եմ մինչեւ վերջ»: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը նշում է. - «Թե՛ ԵԿՄ-ն, թե՛ Հանրապետական կուսակցությունը սովոր են գնալ մինչեւ վերջ՝ միջոցների միջեւ ընտրություն չդնելով: Ինչ-որ մեկի հաղթանակը նշանակելու է մյուսի պարտություն, եւ արդեն իսկ պարզ է, որ եթե առաջիկա շաբաթում ՀՀԿ-ն ու ԵԿՄ-ն չկարողանան գալ համաձայնության, ապա այդ հակասությունը իր հետագա զարգացումը կարող է ունենալ սպասվող մնացած ընտրական եւ ներքաղաքական գործընթացներում»:

Նախագահ Քոչարյանի պատասխանը Թուրքիայի վարչապետին «Հայոց աշխարհ» թերթը որակում է «արժանապատիվ եւ դեպի ապագան միտված»: Այստեղ ընդգծված է. - «Հայկական կողմը իր սեղմ ու կոռեկտ պատասխանով մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը քաղաքականից պատմագիտականի վերածելու Թուրքիայի ծանոթ եւ ոչ այնքան սրամիտ հնարքը... «Երկխոսության» նման ձեւը պարզ խաբեություն է, քանզի հանցանքի մեջ մեղադրվող կողմն ուղղակի չի կարող դառնալ իր իսկ դատավորը։ Մերժելով կեղծ երկխոսության պատրանք ստեղծելու թուրքական կողմի փորձերը, Հայաստանն առաջարկում է իրական երկխոսություն, այսինքն՝ ոչ թե անցյալի շուրջ տարակարծությունների, այլ կոնկրետ, հստակ, այժմեական խնդիրների լուծման այն մեթոդաբանությունը, որ կիրառում են 21-րդ դարում ապրող երկրներն ու ժողովուրդները», - համադրում է «Հայոց աշխարհ»-ը։ «Ազգ» թերթում եւս ի մի բերված, որ Հայաստանի նախագահի պատասխանից «պարզ է դառնում, որ Երեւանը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների ուսումնասիրությանը թողնել»: «Ավելի վաղ», - հիշեցնում է «Ազգ»-ի մեկնաբանը, - «Վարդան Օսկանյանը, անդրադառնալով իր թուրք գործընկերոջ համանման առաջարկին, ասել էր, որ «պատմաբաններն իրենց գործն արել են» եւ մնում է, որ Թուրքիան ընդունի իր անցյալը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG