Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերումը Վրաստանից «կարող է սկսվել արդեն այս տարի»


«Ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերումը Վրաստանից կարող է սկսվել արդեն այս տարի», - Մոսկվայում Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու հետ բանակցությունների ավարտին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Լավրովը հայտնել է, թե կողմերը զգալիորեն մոտեցրել են իրենց դիրքորոշումները, ձեռք է բերվել ռազմակայանները դուրսբերման փուլային տարբերակի մասին պայմանավորվածություն:

Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին զգուշավոր լավատեսությամբ է խոսել՝ նշելով, թե երկու երկրների նախագահների համաձայնության դեպքում ռազմակայանների ամբողջական դուրսբերումը կավարտվի մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը:

Ռազմակայանների դուրսբերման շուրջ Ռուսաստանը եւ Վրաստանը բանակցում են 2001 թվականից՝ վրացական կողմը պնդում էր, որ դրանք պետք է դուրս բերվեն 3 տարվա ընթացքում, իսկ Ռուսաստանը հայտարարում էր, թե դրա համար անհրաժեշտ է առնվազն 8 տարի:

Վրաստանում տեղակայված Անդրկովկասում ռուսական զորքերի խումբը բաղկացած է Բաթումիի (2,5 հազարանոց անձնակազմ, շուրջ 150 միավոր զրահատեխնիկա եւ 120 միավոր հրետանի) եւ Ախալքալակի (2 հազարանոց անձնակազմ, շուրջ 180 միավոր զրահատեխնիկա եւ 50 միավոր հրետանի) ռազմակայաններից: Բացի այդ, Վրաստանի տարածքով է իրականացվում Հայաստանում Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի մատակարարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG