Մատչելիության հղումներ

Բաքվում կայացած ՏՐԱՍԵԿԱ-ի կոնֆերանսում Հայաստանի առաջարկները քննարկվել են


Նախորդ շաբաթավերջին Բաքվում ավարտված ՏՐԱՍԵԿԱ֊-ի միջակառավարական կոնֆերանսին, որի ժամանակ հերթագայության կարգով նախագահությունը Հայաստանից փոխանցվեց Ադրբեջանին, վերջինիս կառավարությունից պաշտոնական հրավեր չստանալով, Հայաստանը չմասնակցեց:

Այնուամենայնիվ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի առաջարկները նախօրոք ներկայացրել էր կառույցի քարտուղարությանը:

«Հայաստանը դեմ էր, որ Ադրբեջանը առաջադրի գլխավոր քարտուղարի իր թեկնածուին, եւ փաստորեն կատարվեց մի աննախադեպ երեւույթ. եթե պատվիրակությունը չի մասնակցում կոնֆերանսին, ապա նրա առաջարկները չեն ընդունվում: Սակայն մեր դեպքում ՏՐԱՍԵԿԱ-ի կոնֆերանսի ժամանակ մեր առաջարկները քննարկվել են», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Անդրանիկ Մանուկյանը: - «Արդբեջանը չկարողացավ ընտրել իր գլխավոր քարտուղարին»:

Կոնֆերանսում գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է նախորդ՝ երեւանյան կոնֆերանսում ընտրված Լյուդմիլա Տրենկովան Բուլղարիայից:

Մանուկյանը կտրականապես չհամաձայնեց հայաստանյան որոշ լրատվամիջոցների գնահատականներին, թե Հայաստանը դուրս է մնացել «եւս մեկ միջազգային ծրագրից»:

«Դա բացարձակապես իրականության հետ որեւէ կապ չունի», - ասաց նա՝ շարունակելով. - «Այս տարի 9 միլիոն եվրո է ծախսվելու ՏՐԱՍԵԿԱ ծրագրի մասնակից 13 երկրներում իրականացվելիք ծրագրերի վրա, որից 2 միլիոն եվրոն հատկացվել է Հայաստանին»:

Նախարարի փոխանցմամբ, նշված գումարը հատկացվելու է Հայկական երկաթուղում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Բաքվի կոնֆերանսում փոխվել է նաեւ ՏՐԱՍԵԿԱ-ի ֆինանսավորման համակարգը. եթե նախկինում քարտուղարության աշխատանքն ամբողջովին ֆինանսավորում էր Եվրահանձնաժողովը, ապա 2006 թվականից անդամ յուրաքանչյուր երկիր պետք է տարեկան վճարի 50 հազար եվրո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG