Մատչելիության հղումներ

Հաստատվել է ՏՐԱՍԵԿԱ-ին Իրանի միանալու որոշումը


Ուրբաթ օրը Բաքվում ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնախմբի չորրորդ խորհրդաժողովում հաստատվել է կազմակերպությանը Իրանի միանալու մասին որոշումը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, քննարկվել են ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնախմբի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, հիմնական բազմակողմ համաձայնագրի մեջ լրացումներ կատարելու արձանագրությունները, 2003-2006 թվականներին գործողությունների պլանը, 2005-2010 թվականներին Եվրոպա - Կովկաս - Ասիա միջազգային փոխադրամիջանցքի զարգացման վերաբերյալ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնախմբի ռազմավարությունը եւ այլ հարցեր:

Խորհրդաժողովում կոնսենսուսի հիման վրա կազմակերպության գլխավոր քարտուղար է վերընտրվել Բուլղարիայի ներկայացուցիչ Լյուդմիլա Տրենկովան: Համաձայն կանոնակարգի, ՏՐԱՍԵԿԱ-ում հերթագայության կարգով նախագահող երկիր է դարձել Ադրբեջանը:

Մինչ այժմ ՏՐԱՍԵԿԱ-ում նախագահող երկրը Հայաստանն էր, սակայն տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը Բաքու չէր մեկնել:

«Ցավոք սրտի, ես պաշտոնական հրավեր չեմ ստացել եւ չեմ կարող մասնակցել այդ կոնֆերանսին», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Անդրանիկ Մանուկյանը՝ պարզաբանելով. - «Ադրբեջանական կողմը հրավերներ ուղարկել է բոլոր անդամ երկրներին՝ բացառությամբ Հայաստանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG