Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Տնտեսական աճը իրականում մի քանի անգամ նվազ է»


1993-1996 թվականներին Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փաստելով, որ 1994 թվականից ի վեր երկրում տնտեսության անկում չի եղել եւ ընդունելով, որ որոշակի աճ եղել է, ասաց, այդուհանդերձ, որ իրականում այդ աճը շատ ավելի համեստ է, քանի ներկայացվում է:

«Որոշակի աճ եղել է», - ասաց Բագրատյանը: - «Այն մի քանի անգամ, իհարկե, ավելի նվազ է իրականում, քան լսում ենք զանգվածային լրատվամիջոցներով»:

Պաշտոնական տվյալներով, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը շարունակվում է: Վերջին 4 տարիների ընթացքում միջինը 11 տոկոս աճ է գրանցվել: Նախկին վարչապետի խոսքերով, իր կատարած վերլուծությունները ցույց են տվել, որ աճը շատ ավելի համեստ է:

«Այստեղ կա ե’ւ պրոպագանդիստական խորություն իշխանությունների կողմից, որոնք հակված են մեծ աճ ցույց տալու, եւ կա մասնագիտական պրոբլեմ», - ասաց նա՝ պարզաբանելով. - «Բանն այն է, որ տնտեսության կառուցվածքը շատ ինտենսիվ է փոխվում, իսկ ինտենսիվ փոփոխության շրջանում դուք միշտ ստանում եք արհեստական 4-8 տոկոս տատանում: Բնականաբար, մասնագետները սրան հիանալի տիրապետում են եւ այս խաղը օգտագործում են ի շահ իշխանության»:

Պարզաբանելով, թե ինչու առկա տնտեսական աճը «չէր կարող զգացվել», Բագրատյանը, ի թիվս այլ պատճառների նշեց հասարակության սրված բեւեռացումը:

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, տնտեսական աճի մասին ցուցանիշներով, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանը լավագույնն է ԱՊՀ երկրների եւ զարգացող մի քանի երկրների շարքում, ինչը հնարավոր է հանգեցնի նրան, որ միջազգային ֆինանսական կառույցներն այլեւս արտոնյալ վարկեր չտրամադրեն Հայաստանին, Բագրատյանը արձագանքեց, թե «արտոնյալ վարկերն այսօր երկրին այնքան էլ անհրաժեշտ չեն»:

Բայց, նրա խոսքերով, կան անհանգստացնող այլ հանգամանքներ: Դրանցից առաջինը, նախկին վարչապետի խոսքերով, այն է, որ Հայաստանին վերաբերող «միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից կատարվող վերլուծությունները որակի առումով կատաստրոֆիկ անկում են ապրում»:

«Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը գնալով ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացում», - ասաց նա:

Նախկին վարչապետը անդրադարձավ նաեւ Հայաստանի բանկային համակարգին:

«Ոչ արդյունավետ որոշումները այստեղ [բանկային համակարգում] բերեցին նրան, որ մենք այդպես էլ բանկային խաչմերուկ չդարձանք», - ասաց նա: - «Օրինակ, մենք չդարձանք մի երկիր, որտեղ համայն հայությունը կուզենար իր ավանդների մի մասը պահել: Մենք շանս ունեինք: Մենք չդարձանք լուրջ ֆոնդային կամ կապիտալի առքուվաճառքի երկիր»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG