Մատչելիության հղումներ

Վրաստանը աննախադեպ ռազմական բյուջե է ընդունել


Վրաստանի խորհրդարանն ընդունել է Կովկասում նախադեպը չունեցող ռազմական բյուջե, որը գերազանցում է մինչեւ Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակաշրջանը Վրաստանում բանակին հատկացված բոլոր միջոցները:

Ըստ «Ռոսիյսկիյե վեստի» օրաթերթի, դա արվում է «առկա հակամարտությունները ուժով լուծելու համար»: Թերթը վկայակոչում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի 0կրուաշվիլիի մի քանի օր առաջ արած հայտարարությունը. - «2005 թվականի ավարտին Վրաստանը կունենա բանակ, որն ի զորու կլինի կատարել այն խնդիրը, որն իմ առջեւ դրել է նախագահը՝ ինձ վստահելով նախարարի պաշտոնը»:

Իսկ Միխեիլ Սահակաշվիլին, թերթի փոխանցմամբ, շատ ավելի պարզ ու միանշանակ ասել է, թե «0կրուաշվիլին կլինի նախարար այնքան ժամանակ, որքան կպահանջվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Ըստ թերթի, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Հարավային 0սիան եւ Աբխազիան ուժով հսկողության տակ առնելու մտադրության պաշտոնական հաստատում:

«Ռոսիյսկիյե վեստի»-ն գրում է, թե Սահակաշվիլին նույնիսկ չի բացառում Ռուսաստանի հետ ուժային հակադրության հավանականությունը:

«Մենք ստացել ենք իրական պատմական հնարավորություն՝ ազատվել մեզ այսքան դար հետապնդող այս աշխարհագրական ու քաղաքական անեծքից, մեկընդմիշտ վերջ տալ դրան ու գնալ այնտեղ, ուր մեր տեղն է՝ գնալ դեպի եվրոպական քաղաքակրթություն», - իր վերջին ելույթներից մեկում, ռուսաստանյան թերթի մեջբերմամբ, ասել է Վրաստանի նախագահը:

«Ռուսաստանի հետ քաղաքական պառակտման հարցում դժվար է առարկել պարոն Սահակաշվիլիին, նա իսկապես հաջողութամբ է կարողանում կեղտ թափել «կերակրող» հարեւանի վրա», - վերլուծում է թերթը՝ հեգնելով. - «Ցանկացած ողջախող աշխարհագրագետի համար հանելուկ է, թե ինչպե՞ս է Սահակաշվիլին Վրաստանի տարածքը Ռուսաստանից տեղափոխելու Եվրոպա»:

«Ռոսիյսկիյե վեստի»-ի մեկնաբան Իրակլի Գելաշվիլին գրում է, թե այնուամենայնիվ Վրաստանում միլիտարիստական բումի առիթով կատակ անել չարժե ու վկայակոչում է խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեին, ով, ի պատասխան Հայաստան զորավարժությունների մասնակցելու համար ռուսական օդանավերին Վրաստանի օդային տարածքով անցնելու խնդրանքին, ասել է. - «Մենք Վրաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված պետությանն օդային տարածք հատկացնելու ոչ մի շարժառիթ չունենք»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG