Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը եւ «Հանրապետություն» կուսակցությունը դատապարտում են Սեւանում երեկ տեղի ունեցած միջադեպը


Երեկ Սեւան քաղաքում «Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել իշխանական կոալիցիայի քաղաքական ուժերից մեկը՝ Դաշնակցությունը, եւ արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը:

Սեւանում շուրջ հազար մասնակիցներով հանրահավաքը քաոսի էր վերածվել այն բանից հետո, երբ Արամ Կարապետյանի՝ Հայաստանում իշխանությունը փոխելու հայտարարությանը, ամբոխից մեկը, ով ավելի ուշ ներկայացել է որպես Ղարաբաղյան պատերազմի վետերան, արձագանքել էր. - «Պարոն Կարապետյան, իսկ դուք ո՞ւր էին այդ տարիներին: Մենք այստեղ երկիր էինք կառուցում, իսկ դուք Մոսկվայում փող էին աշխատում»:

Կարապետյանը հանրահավաքականներին խնդրել էր հեռացնել այդ մարդուն, ինչից հետո հանրահավաքականների միջեւ բախումներ էին ծագել, որոնց արդյունքում առնվազն մեկ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:

Այսօր հրավիրած ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չտվեց այն ուժերի անունները, որոնք, իր համոզմամբ, կազմակերպել էին «սադրանքը»:

«Կատարվում են, իմ, կարծիքով, շատ վատ գործընթացներ հայկական քաղաքական դաշտում, երբ ժողովրդավարությունից խոսում են բոլորն անխտիր, իսկ ժողովրդավարական յուրաքանչյուր գործընթացի ժամանակ ուղղակի զինված հրոսակախմբեր սկսում են գործ անել», - հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը՝ հավաստիացնելով, այդուհանդերձ, որ հանրահավաքները շարունակվելու են:

Կարապետյանը հայտարարեց նաեւ, որ իրենք մտադիր են հանդիպումներ կազմակերպել ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու տեսակետերը եւ միավորվելու հնարավորությունները:

Այդ կուսակցություններից մեկը՝ «Հանրապետություն»-ը, այսօր տարածած հայտարարության մեջ Սեւանի միջադեպի համար մեղադրում է իշխանություններին:

«Գործող իշխանությունը սրանով հետապնդում է մեկ նպատակ. հանուն սեփական իշխանության պահպանման հասարակությանը պահել վախի մթնոլորտում եւ նրան ներարկել վարչախմբի անպարտելի եւ անպատժելի լինելու լեգենդը», - ասված է հայտարարության մեջ:

ՀՅԴ-ն, իր հերթին, տարածած հայտարարության մեջ նշում է. - «Անթույլատրելի է, որ ստվերային եւ ոչ քաղաքական ուժերը, առաջնորդվելով իրենց հատվածական, կլանային շահերով, նման մեթոդներով փորձեն մեծացնել իրենց դերակատարումը եւ արգելակեն երկրի բնականոն ու անշեղ ընթացքը դեպի ժողովրդավարություն»:

Արամ Կարապետյանի խոսքերով, ոստիակությունը քրեական գործ միջադեպի առնչությամբ հարուցել է, սակայն ձերբակալվածներ առայժմ չկան:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG