Մատչելիության հղումներ

Մասնագետները ԳՈՒՈՒԱՄ կազմակերպության վերածնունդ են կանխատեսում


Ապրիլի 22-ին Քիշնեւում կայանալու է ԳՈՒՈՒԱՄ կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի եւ Լիտվայի նախագահները:

ԳՈՒՈՒԱՄ-ը միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Մոլդովան, սակայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը նախօրեին հայտնել է, որ Քիշնեւ չի գնալու, քանզի իրեն դուր չի գալիս Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի իշխանությունների քաղաքականությունը:

Մասնագետները գտնում են, որ քիշնեւյան գագաթնաժողովը կարող է նշանավորել ԳՈՒՈՒԱՄ-ի վերածնունդը: Երեկ Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը ասել է, թե «պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ԳՈՒՈՒԱՄ-ը բաց լինի հետխորհրդային տարածքից դուրս գտնվող երկրների համար»:

Ռուսաստանյան «Նովիյե իզվեստիա» թերթն այսօր գրում է. - «Եթե արեւելաեվրոպական երկրները դաշինք կազմեն որոշ նախկին խորհրդային հանրապետությունների հետ, ԱՊՀ-ն կտրոհվի երկու մասի, որոնցից մեկը առաջվա պես կմնա Ռուսաստանի ազդեցության գոտում, իսկ մյուսը կվայելի ՆԱՏ0-ի եւ Եվրամիության հովանավորությունը: Այն երկրները, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել, կշրջվեն դեպի Արեւմուտք, իսկ Ռուսաստանի հովանու ներքո կմնան Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG