Մատչելիության հղումներ

«Չի բացառվում ԱՄՆ-ի մասնակցությունը նավթամուղի անվտանգության ապահովմանը»


Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռամիզ Ռիզաեւը չի բացառել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովմանը Միացյալ Նահանգների զինծառայողների մասնակցության հնարավորությունը:

«Ադրբեջանի նման փոքր երկրները միայնակ չեն կարող պայքարել ահաբեկչության դեմ: Տրամաբանորեն Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի անվտանգությունը պետք է ապահովեն «Դարի համաձայնագրի» մասնակից երկրները: Եթե մեր բարեկամ երկրները, այդ թվում ԱՄՆ-ը, ցանկանան օգնություն ցուցաբերել այդ հարցում, մեր երկիրը դրանից չի հրաժարվի», - ռուսաստանյան «Նովիյե իզվեստիա» թերթին հինգշաբթի օրը ասել է Ռամիզովը:

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նույնպես չէր բացառել Կասպից ծովի նավթի եւ գազի համատեղ օգտագործման շուրջ կնքված համաձայնագրերի իրականացման եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման նպատակով Ադրբեջանում ամերիկյան արագ արձագանքման ուժերի տեղակայնման հնարավորությունը:

«Խոշոր տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման տեսանկյունից ԱՄՆ օգնությունը անհրաժեշտ է», - «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել էր Մամեդյարովը՝ միաժամանակ ավելացնելով, թե Ադրբեջանում ռազմակայաններ տեղակայելու հարցով Միացյալ Նահանգները Ադրբեջանի իշխանություններին առայժմ չեն դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG