Մատչելիության հղումներ

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղով կարող է արտահանվել նաեւ ղազախական նավթը


Մայիսի 25-ին կայանալիք Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շահագործման հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու են Վրաստանի, Թուրքիայի եւ Ղազախստանի նախագահները:

Ադրբեջանական «Էխո» թերթի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նատիկ Ալիեւը ասել է, թե արդեն ստացվել են Միխեիլ Սահակաշվիլու, Ահմեդ Նեջեթ Սեզերի եւ Նուրսուլթան Նազարբաեւի նախնական համաձայնությունները:

Ալիեւը նաեւ տեղեկացրել է, թե այս օրերին Բաքվում է ղազախական «Կազմունայգազ» ընկերության պատվիրակությունը, որի հետ բանակցություններ են ընթանում Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղով Ղազախստանի նավթը արտահանելու շուրջ:

«Մենք ցանկանում ենք արդեն մինչեւ այս տարվա կեսերը ստորագրել միջկառավարական համաձայնագիրը, որը հիմք կդառնա երկու կառավարությունների եւ ներդրողների միջեւ տարանցման համաձայնագրի ստորագրման համար», - հայտարարել է Նատիկ Ալիեւը՝ ավելացնելով, թե մնում է միայն լուծել ղազախական նավթի տարանցիկ արտահանման ֆինանսատեխնիկական մասը:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1767 կիլոմետր է (443 կիլոմետրը անցնում է Ադրբեջանով, 248-ը՝ Վրաստանով եւ 1076-ը՝ Թուրքիայով), թողունակությունը տարեկան 50 միլիոն տոննա է: Նավթամուղի շինարարությունը սկսվել է 2003 թվականի ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG