Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. - «Հայաստանին ոչ թե իշխանափոխություն, այլ հեղափոխություն է հարկավոր»


Արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության համագումարի իր ելույթում նախկին վարչապետ, այսօրվա համագումարում կուսակցության քաղխորհրդի նախագահ ընտրված Արամ Սարգսյանը, հավաստիացնելով, որ Հայաստանում մոտալուտ հեղափոխությունն անխուսափելի է, կոչ արեց բոլոր «անբիծ կենսագրություն ունեցող, հայրենասեր եւ պատասխանատվության զգացում ունեցող մարդկանց» միանալ իրենց:

Նախկին վարչապետի ձեւակերպմամբ՝ Հայաստանին «դժբախտաբար, հեղափոխություն է հարկավոր՝ ոչ թե իշխանափոխություն, այլ արժեքների փոփոխություն»:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում՝ միացեք մեզ», - համագումարի ամբիոնից ասաց Սարգսյանը: - «Նաեւ իշխանություններում գտնվող չվարկաբեկվածներին եմ կոչ անում՝ ժամանակն է, միացեք մեզ»:

«Մեզ մնում է միայն որոշված օրը որոշված տեղում հավաքվելը», - հայտարարեց նա:

Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի տեղը «ժողովրդավարության համակարգում է», եւ «Հայաստանը այլընտրանք չունի», իսկ քաղաքակիրթ աշխարհը «Հայաստանն ուզում է տեսնել ժողովրդավար»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը հիշեցրեց, որ նախագահ Քոչարյանը անցած տարի լրագրողներին խոստացել էր այդ կապակցությամբ հատուկ հարցազրույց տալ:

«Ստախոս է», - հայտարարեց նա: - «Խոսքը չի կատարում... Բոլորդ տեսնում եք: Ու հիմա էլ համաձայնագրեր են փորձում կնքել ժողովրդի հետ»:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ըստ Արամ Սարգսյանի, փակուղի է մտել, եւ այսօր ոչ մի պետություն այլեւս չի փորձում քննարկել Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը. բոլորը հակված են պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Այսօր ոչ ոք չի ասում, որ տարածքները հանձնվելու են Արցախի կարգավիճակի դիմաց, այլ խոսում են տարածքներ՝ Արցախի ժողովրդի անվտանգության դիմաց», - հայտարարեց նա: - «Այս իշխանությունները այլեւս ոչ մի ռեսուրս չունեն Արցախի հարց լուծելու... Այս իշխանությունների ընդունած որեւէ որոշում, ստորագրած որեւէ համաձայնագիր այլեւս չի կարող իրավազոր լինել»:

Նրա փաստարկմամբ, միջազգային հանրությունն «այլեւս չի ուզում այս հարցով բանակցել ոչ լեգիտիմ իշխանությունների հետ»:

Սարգսյանի կարծիքով, Արցախի հարցը հայանպաստ լուծում կարող է ունենալ, եթե Հայաստանն ու Արցախը ավելի ժողովրդավար լինեն, քան Ադրբեջանը, քանի որ «որեւէ մեկը ժողովրդավար երկրից մաս չի անջատի ու չի տա ոչ ժողովրդավար երկրին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG