Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի խորհդարանական նոր ընտրութւոնների կամ նոր մեծամասնության ձեւավորման մասին արտահայտած տեսակետի առիթով «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նոր մեծամասնության ձեւավորման հնարավորություն կա. այս խնդրի շուրջ կարող են համախմբվել ՀՀԿ-ն, «Ժողպատգամավոր»-ը, ՄԱԿ-ը, գուցե նաեւ Դաշնակցությունը: Առանց վերջինիս էլ առաջին երեք ուժերը կարող են մեծամասնություն ձեւավորել, որի հիմնական նպատակը «Օրինաց երկիր»-ին իշխանական բուրգից հանելն է՝ այն հիմնավորմամբ, որ Ազգային ժողովի [նաեւ «Օրինաց երկիր»-ի] նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը»: «ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին կարող են ձեռնտու լինել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Բայց այս սցենարի իրականացումը կարող է նաեւ որոշակի բարդությունների հանդիպել, քանի որ որոշ դիտորդներ չեն բացառում «Օրինաց երկիր» - «Նոր ժամանակներ» դաշինքի հնարավորությունը, ինչն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում ավելի հավանական կդառնա», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ը:

«Իշխանությունը սեւ ու հնացած տեխնոլոգիաներ է կիրառում» վերնագրի ներքո «Ազգ» օրաթերթն անդրադարձել է Հանրային հեռուսատատեսությամբ խորհրդարանի հայտարարությունների ժամի տեսագրությունը տեխնիկական խոտանով հեռարձակելու փաստին: «Այդ հայտարարություններն արտառոց ոչինչ չէին պարունակում, նույն բառաֆոնդով ու մեղադրանքներով ընդդիմադիր պատգամավորները կրկնեցին այն, ինչ հարյուր անգամ ասել էին... Այնպես որ, հեռուստահաղորդման կապը խափանելով, սկզբից մինչեւ վերջ ձայնային խոտանով քողարկելով հայտարարությունները, իշխանության հակաքարոզչության պատասխանատուները արջի ծառայություն մատուցեցին նրան»: «Սրան նախորդած իրադարձությունների տրամաբանությունը եւս ապացուցում է (անմիջապես ապրիլի 12-ի օրը հանրապետության նախագահի համալսարան կատարած այցի հեռարձակումը բոլոր հեռուստաալիքներով), որ, ինչպես պնդում են ընդդիմադիրները, իշխանությունները լեգիտիմության, դրան գումարած նաեւ ապրիլի 12-ի բարդույթով են շարունակում տառապել», - եզրակացնում է «Ազգ»-ը:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, թերթի կողմից արված շեշտադրման առիթով, թե «Ա1+» հեռուստաընկերությունը զբաղեցրած տարածքից վտարելու որոշումը տնտեսական դատարանը կայացրել է անձամբ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ստորագրած հայցի հիման վրա, խմբագրությունը հեռախոսազանգեր է ստացել ակադեմիայի մի շարք անդամներից՝ մոտավորապես հետեւյալ շեշտադրմամբ. - «Ի՞նչ անի խեղճ Ֆադեյ Սարգսյանը, այդ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են նրան ստիպում նման քայլերի գնալ»: «Մեր մտավորական էլիտան մի տեսակ կարծես սովորել է իշխանությանը մոտ կանգնած լինելու հանգամանքն օգտագործել հանուն անձնական բարեկեցության», - շեշտադրում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Նախադասությունը, թե Քոչարյանն ու Սարգսյանը ճնշում են Ֆադեյ Սարգսյանին, զավեշտալի է հնչում: Ի վերջո, ԳԱԱ նախագահը, որ այս կյանքում ունեցել է ամեն ինչ` ամենաբարձր պաշտոններ, կոչումներ, փառք, վայելքներ` ի՞նչ ունի կորցնելու այդ մարդը, որ տրվում է ճնշումների եւ սեփական խղճին ու գիտակցությանը դեմ է գնում` հանուն իշխանական հրահանգի: Եվ ո՞ւր մնաց մտավորականը, որ պարտավոր է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքացին»:

«Ինչո՞ւ է անհանգստացած Թուրքիան: Աշխարհը նրան պարտադրում է» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը անդրադարձել է Ցեղասպանության խնդրով Թուրքիայի խորհրդարանական լսումներին եւ Թուրքիայի վրա հնարավոր միջազգային ճնշումների թեմային. - «Ամերիկյան կողմի համար առայժմ ամենեւին էլ սկզբունքային նշանակություն չունի նախագահ Բուշի ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառի գործածումը: Բայց ահա նման հարմար առիթով Թուրքիայից անհրաժեշտ զիջումներ կորզելու խնդիրը ներկայումս իսկապես գտնվում է ամերիկյան քաղաքականության օրակարգում: Թուրքիայի ղեկավարության ներկա քաղաքական ջղաձգումների հիմքում ընկած է խոշոր քայլերով տարածաշրջան մուտք գործող ԱՄՆ-ի հստակ պահանջը. եթե առաջիկա ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիան չի ուզում կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փաստերի առջեւ, ապա պետք է արագորեն բացի Հայաստանի հետ իր սահմանադուռը»։

«Ճանաչումը առանց իրավունքների վերականգնման համազոր է ուրացման», - շեշտադրում է «Երկիր» շաբաթաթերթը: - «Թուրքիան զգում է իր քաղաքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության պատճառած ծանրությունը եւ ցանկանում է անվնաս ձերբազատվել այդ ծանրությունից: Թուրքիան պարզապես ժամանակի վրա է գրավը դնում՝ հույս ունենալով, որ տարիների ընթացքում կկարողանա ընդունելի դարձնել «Ճանաչում առանց հատուցման» լուծումը ու թոթափել Հայոց ցեղասպանության ծանր բեռը»: «Երկիր»-ի մատուցմամբ, այստեղ է, որ առաջնահերթ է դառնում հայության ու նրա քաղաքական ուժերի դերակատարությունը. - «Հայությունը հայ դատի հետապնդման աշխատանքներում որքան ճանաչման, նույնքան էլ առանցքային տեղ պետք է տա հատուցման խնդրին»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG