Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախապատրաստում է հայկական երկաթուղու մասնավորեցումը


Հայաստանի կառավարությունը, ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, նախապատրաստում է Հայաստանի երկաթուղում մասնավորեցումը:

Կառավարության այսօրվա նիստից հետո, որի ընթացքում հավանության արժանացավ 2001-ից 2003 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը, Կարինե Կիրակոսյանը ասաց, որ կառավարության որոշմամբ արդեն միմյանցից առանձնացվել են երկաթուղու շարժակազմը եւ ենթակառուցվածքները, եւ ստեղծվել են երկու պետական ընկերություններ:

«Հետագայում ունենք աշխատանքների կատարման հստակ ժամանակացույց, որը իրականացնում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ մասնավորեցման նախապատրաստելու երկաթուղին», - ասաց նա՝ ավելացնելով, այդուհանդերձ, թե առայժմ պարզ չէ, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացվի շարժակազմի կամ բուն երկաթգծի վաճառքը։

Արձագանքելով հարցին, թե արդյո՞ք երկաթգծի իրական գինը որոշելու համար չպետք է սպասել, որպեսզի շրջափակումը վերացվի, Կիրակոսյանը ասաց. - «Դեռեւս հայտնի չէ՝ շրջափակումը ավելի շատ քաղաքական բնույթի խնդիրներ են, իսկ սա հստակ տնտեսական բնույթի խնդիր է, որը լուծման կարիք է զգում»:

Չի բացառվում, անշուշտ, որ զուտ տնտեսական առումով երկաթգծի մասնավորեցումը նպատակահարմար քայլ է, թեեւ Կարինե Կիրակոսյանը ինքն էլ ընդունում է, որ աշխարհում հատուկենտ երկրներ կան, որոնց երկաթուղիները մասնավորեցվել են: Հետխորհրդային երկրներից միայն Էստոնիայում է երկաթգիծը մասնավորեցվել, եւ դրա արդյունքները, մեղմ ասած, «կասկածահարույց են»։

Ներկայացնելով 2004 թվականի ընթացքում պետական ընկերությունների վաճառքը ռազմավարական ներդրողներին, Կիրակոսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի մասնավորեցված 69 ընկերություններից 48-ը վաճառվել են ուղղակի վաճառքի ձեւով, 15-ը՝ մրցույթով եւ վեցը՝ աճուրդով։ Այդ գործարքների արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել մոտ 50 միլիոն դոլար։

Անցյալ տարի կատարված գույքի ուղղակի վաճառքի գործարքներից Կիրակոսյանը առանձնացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքը՝ 132 միլիոն դոլարով։

Տիկին Կիրակոսյանը փոխանցեց նաեւ, որ 2004 թվականի համար մասնավորեցման պայմանագրերով նախատեսված 6969 նոր աշխատեղերի փոխարեն գնորդները ստեղծել են ընդամենը 2854 նոր աշխատատեղ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG