Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հասարակությունն անտարբեր գտնվեց «Ա1+»-ի ակցիայի նկատմամբ», - վերլուծում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: - «Եթե անգամ ամենազարգացած ու ինքնուրույն մարդը հացի փող չունի, նրան պետք չեն վերացական խոսակցություններ խոսքի ազատությամ մասին: Անօգուտ է հանուն խոսքի ազատության պայքարի հանել քառասնամյա կնոջը, որն առնվազն 50 տարեկանի տեսք ունի, քանզի շոգին ու սառնամանիքին օրական 10 ժամ կանգնած է տոնավաճառում... Այդ կնոջ ինչի՞ն է պետք խոսքի ազատությունը», - հարցնում է «Հայոց աշխարհ»-ը: Ապրիլյան իրադարձությունների տարելիցը, թերթի մատուցմամբ, նույնպես անտարբեր թողեց մարդկանց. - «Անցած երկու տարիներին ընդդիմությունը զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Վերջիններս, կամա թե ակամա, երկու տարի շարունակ ցուցադրում էին ընդդիմության փաստացի հոգեվարքը: Թերթերից ոչ մեկը այդպես էլ չկարողացավ այս ընթացքում կորզել նրանցից թեկուզ մեկ կառուցողական միտք ու առաջարկ: Եթե դա ընդդիմության հոգեվարքը չէ, ապա ի՞նչ է», - հարցնում է թերթը:

Անդրադառնալով «Արդարություն» դաշինքի երեկվա համաժողովին՝ «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է. - «Հանդիպմանը ներկա ակտիվիստների տրամադրությունը խիստ մարտական էր: Այսուհանդերձ, ընդդիմության ղեկավարների շեշտադրումները համահունչ չեն եղել շարքային ակտիվիստների տրամադրություններին: Ճիշտ է, նրանց ելույթներում հնչած գնահատականները արտացոլել են երկրում ստեղծված իրավիճակի իրական պատկերը, բայց, մյուս կողմից, դրա հաղթահարման կոնկրետ ելքեր կամ գործողությունների տեսանելի հեռանկար չեն առաջարկվել»: «Այս է պատճառը, որ շատերը նիստերի դահլիճը լքել են չբավարարված», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ»-ի խմբագրականն այսօր նվիրված է կրթական բարեփոխումների թեմային: Կրթական բարեփոխումների անհաջողությունների պատճառը, թերթի մատուցմամբ, կրթական համակարգից դուրս է: «Ի՞նչ է տեսնում այսօրվա հայաստանցի երեխան, երբ հասնում է քիչ թե շատ գիտակից տարիքի եւ գնում է դպրոց: Ովքե՞ր են այս կյանքում հասել հաջողության, վայելում հարստություն, իշխանություն, դղյակներ, «Ջիփեր», թիկնապահներ եւ այլն: Մի՞թե երեխան 6-7 տարեկանից սկսած չի հասկանում, որ հիշյալ մարդիկ այդ ամենին հասել են ո’չ կրթության, ո’չ գիտելիքների, ո’չ էլ ինտելեկտի շնորհիվ», - հարցեր է հնչեցնում «Առավոտ»-ը՝ շարունակելով. - «Այդ մարդկանց դեմքի արտահայտությունից անգամ երեւում է, որ իրենց success story-ն բաղկացած է թալանելուց, «քցելուց» եւ իշխանավորներին քծնելուց: Նման իրավիճակում երեխան որեւէ խթան, որեւէ մոտիվացիա չունի սովորելու»: «Ուրեմն, ինչքան ուզում ես բարեփոխիր կրթությունը, միեւնույն է կրթության, ուսման, գիտելիքի հասարակական արժեքը հայաստանում չափազանց ցածր է», - եզրահանգում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, հայաստանյան ընդդիմության որոշակի հատվածի հույսերը, թե Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը կդառնա հայաստանյան ընդդիմության հենասյուներից մեկը, կարծես հօդս են ցնդում: Թերթի տեղեկություններով, Արմեն Սարգսյանը ակտիվ ջանքեր է գործադրում Արեւմուտքում Սերժ Սարգսյանի համար դրական իմիջ ձեւավորելու համար. - «Արեւմտյան կենտրոնները հաճախ են Սարգսյանին դիմում Հայաստանի հետ կապված վերլուծություններ ստանալու համար, եւ այդ վերլուծություններում Սերժ Սարգսյանը ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանի ամենաադեցիկ, այլեւ բավական առաջադեմ քաղաքական գործիչ»:

«Հանրապետություն» կուսակցության՝ վաղը կայանալիք համագումարին ընդառաջ «Գոլոս Արմենիի» թերթն անդրադարձել է «Արամ Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի հակադրությանը». մասնավորապես՝ թե ո՞ւմ հետեւից կգնան «Հանրապետություն» կուսակցությանն անդամակցող երկրապահները: «Ալբերտ Բազեյանը երկրապահների շրջանում ամենահարգված մարդկանցից է: Երկրապահը վստահում է նրան, եւ եթե նա դուրս գա կուսակցությունից եւ հայտարարի այդ քայլի իրական պատճառների մասին, շատերը կգնան նրա հետ», - գրում է թերթը՝ արձանագրելով, թե այսօր «երկրապահները առանց այդ էլ բաժանված են»: «Գոլոս Արմենիի»-ի վերլուծությամբ, ներկա իշխանություններին ընդդիմադիր են միայն «Հանրապետություն» կուսակցությանն անդամակցող երկրապահները: «Ո՞ւմ հետեւից կգնան նրանք՝ Արամ Սարգսյանի՞, Սուրեն Սուրենյանցի՞, Սմբատ Այվազյանի՞, թե՞ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի: Ի՞նչն ավելի ուժեղ կլինի՝ Սարգսյանների ընտանիքին նվիրվածության իներցիա՞ն, թե՞ գիտակցությունը, որ իշխանության համար պայքարում կան այնպիսի սահմաններ, որ հայը, առավել եւս Արցախյան պատերազմի մասնակիցը իրավունք չունի անցնել», - հարցնում է «Գոլոս Արմենիի»-ն:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG