Մատչելիության հղումներ

Գվինեական բանտում հայ օդաչուներին սովամահություն է սպառնում


Հասարակածային Գվինեայի Black Beach բանտի կալանավորներին՝ այդ թվում 6 հայ օդաչուներին սպառնում է սովամահություն, քանի որ բանտի ղեկավարությունը կրճատել է նրանց օրապահիկը: Բանտարկյալները հյուծված են խոշտանգումներից եւ խրոնիկական հիվանդություններից:

«Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, բանտարկյալներից շատերը կմահանան», - չորեքշաբթի օրը հայտարարել է Amnesty International մարդասիրական կազմակերպության կողմից Աֆրիկայում իրականացվող ծրագրի ղեկավար Կոլավոլե Օլանիյանը:

Հասարակածային Գվինեայի կառավարության՝ օրապահիկը վերացնելու մասին որոշումից հետո հատկապես ծանր վիճակում են հայտնվել 70 բանտարկյալներ, որոնց թվում են վեց հայ օդաչուները, հինգ հարավաֆրիկացիներ, չորս նիգերիացիներ եւ տասնյակ տեղացիներ, որոնց Amnesty International կազմակերպությունը համարում է քաղբանտարկյալներ:

Մինչեւ անցած տարվա դեկտեմբերը դատապարտյալներին տալիս էին օրական մեկական բաժակ բրինձ, սակայն դեկտեմբերին նրանց օրապահիկը կրճատվել էր՝ հասցվելով 1-2 կտոր հացի: Իսկ փետրվարի վերջից բանտի իշխանությունները բանտարկյալներին թողել են դրսից ստացվող սննդի հույսին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երկուշաբթի օրը հայտնել էր, թե իրեն հաջողվել է 500-ական դոլար փոխանցել հայ օդաչուներին եւ ապահովել, որ նրանք ստանան պատշաճ բժշկական օգնություն:

«Հայ օդաչուներն այսօր նորմալ վիճակում են եւ հույս ունեն մինչեւ հունիսի 12-ը վերադառնալ հայրենիք», - ասել էր Արա Աբրահամյանը՝ ավելացնելով, թե օդաչուների ազատ արձակման շուրջ բանակցությունները բարդ են ընթանում:

6 հայ օդաչուները Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG