Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահը բացառում է Թբիլիսի մեկնելու հնարավորությունը


Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշը բացառում է Թբիլիսի ժամանելու եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ հանդիպելու հնարավորությունը:

Վրաստանյան «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը Աբխազիայի նախագահը հերքել է մայիսի 10-ին Թբիլիսիում ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների հանդիպմանը իր մասնակցության մասին տեղեկատվությունը:

«Ոչ ոք նման առաջարկ չի արել, եւ այդ հարցը չի քննարկվել: Կարծում եմ, որ իմ՝ Թբիլիսի այցի հնարավորություն չկա եւ չի լինի», - նշել է Սերգեյ Բաղափշը:

Անդրադառնալով վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործընթացին Միացյալ Նահանգների մասնակցությանը, Աբխազիայի նախագահը շեշտել է, թե այդ հարցով զբաղվում է Ռուսաստանը:

«Մեր խնդիրներով արդեն զբաղվում է Ռուսաստանը, թեեւ մենք պատրաստ ենք խոսել ե’ւ Միացյալ Նահանգների, ե’ւ Մեծ Բրիտանիայի հետ՝ եթե դա օգուտ բերի գործին», - հայտարարել է Աբխազիայի նախագահը:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեն, վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեքշաբթի օրը ասել էր, թե «գաղափար կա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի թբիլիսյան հանդիպումներին հրավիրել աբխազական եւ օսեթական կողմերի ներկայացուցիչներին»:

«Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ավելի վաղ հայտնել է Թբիլիսիում նման հանդիպման մասնակցելու իր պատրաստակամությունը», - ավելացրել էր Թարգամաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG