Մատչելիության հղումներ

Արտաքին ներդրումների ծավալը աճել է 33 տոկոսով


Ազգային վիճակագրական ծառայության գնահատումների համաձայն, 2004 թվականին արտաքին բոլոր աղբյուրներից Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրվել է շուրջ 0,5 միլիարդ դոլար: Ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 33 տոկոսով:

«Մենք մի քիչ զգուշավոր էինք եւ ասում էինք, որ, իհարկե, կունենանք օտարերկրյա ներդրումների ծավալների երկնիշ աճի թիվ: Մեր գնահատականները մի քիչ ավելի համեստ եղան, քան իրականությունը», -
երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը:

2005-ին, ըստ փոխնախարարի, արտաքին ներդրումների դրական շարժը շարունակվում է. սկսված մի շարք ներդրումային նախագծեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Արմենալ»-ի, Երեւանի ՋԷԿ-ի եւ օդանավակայանի արդիականացման ծրագրերը միանգամից մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ են ենթադրում:

Հեռահաղորդակցության ոլորտում 2004 թվականին «ԱրմենՏել»-ը շուրջ 40 միլիոն դոլարի նեդրումներ է արել: Փոխնախարարի խոսքերով, ընկերությունը այս տարի էլ շարունակելու դրանք, ինչին, անշուշտ, նպաստում է բջջային կապի երկրորդ օպերատորի մուտքը շուկա:

Հայաստանի տնտեսության մեջ արած ներդրումների ծավալներով առաջատարը Հունաստանն է՝ 75 միլիոն դոլար: Երկրորդը Ռուսաստանը՝ 67 միլիոն։ Դավթյանը, այդուհանդերձ, ճշտեց, որ այդ գումարի առնվազն կեսը ոչ թե ուղղակի ներդրում է, այլ պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված Հրազդանի ՋԷԿ-ի արժեքը, որը նաեւ իբրեւ ներդրում ձեւակերպվեց։

Այսօր ռուսաստանյան ներդրումներից ամենախոշորը «Արմենալ»-ի սեփականատեր «Ռուսկի ալյումինիյ» խմբի 70 միլիոն դոլարի ներդրումն է, որ արվում է գերմանական աղբյուրներից. ծրագիրը ֆինանսավորում է «Բայերիշե Լանդեզբանկ»-ը, իսկ մրցույթը շահել ու բուն ներդրումային նախագիծն իրագործում է նույնպես գերմանական «Ախենբախ» ընկերությունը։

Տիգրան Դավթյանը ասուլիսում հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է վերացնել օտարեկրյա ներդրողներին տրվող արտոնությունները՝ հավասարեցնելու տեղեկան եւ օտարերկրյա ներդրողների մրցակցային դաշտը։

Նրա խոսքերով, «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագծով «տրամադրվելու են հավասար, ոչ խտրական պայմաններ տեղական եւ օտարերկրյա ներդրողների համար»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG