Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» օրաթերթն այսօր հիշեցնում է. - «Մեկ տարի առաջ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ընդդիմության խոստացած համազգային հավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում եւ շարունակվեց Բաղրամյան փողոցում: Թեպետ հավաքի մասնակիցները երգում էին բանակին նվիրված երգեր, պարում, մեկընդմեջ էլ հնչում էին խրոխտ ելույթներ, դա դուր չեկավ իշխանավորներին, եւ նրանք կեսգիշերին՝ 00.15-ին սկսեցին իրենց առաջին տհաճ քայլը՝ ռազմական գործողություններ խաղաղ ցուցարարների դեմ, հետեւեցին ՀԺԿ գրասենյակի խուզարկումն ու գույքի ոչնչացումը, փաստաթղթերի առեւանգումը եւ այսպես շարունակ... Առ այսօր այդ գործողությունների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել»:

«Հայոց աշխարհ»-ը, իր հերթին, փոխանցում է Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի կարծիքը, թե «արդեն բոլոր ամիսները եւ բոլոր եղանակները զբաղված են հեղափոխական կանխատեսումներով»: «Ամեն տարի, ամեն ամիս մեզ խոստանում էին հեղափոխություն, եւ դա որպես խոստում էլ մնացել է», - ասել է Թորոսյանը:

Ըստ էության, թեմայիկ շարունակության մեջ է «Իրավունք» թերթում «Կհանդիպենք բարիկադներում» վերտառությամբ Հայկ Բաբուխանյանի զետեղած հրապարակումը: «Ներկայիս հեղափոխությունների շքերթը ԱՊՀ երկրներում պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական «դրսի» գործոններով, այլեւ ժողովուրդների ձգտումով վայր նետել իրենց ստրկացնող իշխանական կլաններին եւ ապրել ազատ ու բարգավաճ», - գրում է նա: - «Այսինքն՝ սկսվել է ԱՊՀ երկրների կերպարանափոխման հեղեղը, որը թե’ Արեւմուտքը, թե’ Ռուսաստանը պետք է փորձեն ուղղել իրենց հարմար հունով, սակայն ոչ ոք հույս չի կարող ունենալ այդ հեղեղի դեմն առնելու»: «Հետեւաբար», - եզրակացնում է մեկնաբանը, - «հեղափոխությունը անխուսափելի է... Դրա համար պետք է հասունանա հեղափոխական պահը: Բացառված չէ, որ դա տեղի ունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում»: «Ընտրությունները արդար եւ ժողովրդավարական անցկացնելը արդեն իսկ հեղափոխություն է Հայաստանի համար: Դե ինչ, կհանդիպենք բարիկադների վրա, այն հոգեւոր բարիկադների, որոնցից վերջին 15 տարիների ընթացքում ՍԻՄ-ը եւ «Իրավունք»-ը երբեք չեն նահանջել», -ամփոփված է «Իրավունք»-ում:

«Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշումների մասին՝ թե կուսակցությունը կարող է հայտնվել ընդդիմության ճամբարում, «Հայոց աշխարհ»-ին պարզաբանումներ է տվել կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը. - «Չգիտեմ, թե որտեղից են վերցվում նման լուրերը կամ վերլուծությունները, բայց այդպիսի նպատակներ կուսակցությունը չունի»։

«Հայոց աշխարհ»-ը «Չի լինելու այդպիսի բան» վերնագրի ներքո զետեղել է Ռոբերտ Քոչարյանի խոսքը. - ««Անբարոյական եմ համարում ընդհանրապես Ղարաբաղի հարցի շահարկումը։ Սա ազգային հարց է եւ եթե իրենց իշխանամոլության շարժառիթների պատճառով փորձում են կառչել Ղարաբաղի հարցի կարգավորումից, ուրեմն պետք է նաեւ դրա մասին պարզ եւ հրապարակային ասենք, որ այդ մարդիկ այդպիսի միտումներ, մտածելակերպ ունեն։ Չի լինելու այդպիսի բան։ Եթե գնանք լուծումների, փոխզիջումների, գնալու ենք գիտակցաբար, այլ ոչ թե որեւէ այլ ուժի պարտադրանքի պատճառով»:

«Հայկական ժամանակ» թերթում ծավալուն հարցազրույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը՝ անդրադառնալով նաեւ ղարաբաղյան թեմային: «1998թ. իշխանափոխությունը կատարվել է՝ շահարկելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ բանակցությունների համար մշակված պլանը: Մեր թիմին վերագրվել է «պարտվողականություն», եւ դրան հակադրվել են «հաղթողական» ծրագրեր», - ասում է նա: - «Տիրապետության ութերորդ տարում նրանք արդեն հրաժարվել են իրենց «հաղթողական» ծրագրերից եւ, չունենալով ինքնուրույն իրատեսական ծրագիր, վերադարձել են հակամարտության լուծման մեր կոնցեպցիային՝ չխորշելով կրկնել նույն հիմնավորումները, փաստարկները, անգամ՝ տոնայնությունը»: ԱԺ նախկին խոսնակը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներին. - «Որեւէ արտաքին ուժ չի կարող վճռորոշ ազդեցություն ունենալ, եթե բացակայում է հասարակության ներքին լիցքը: Կտրականապես դեմ եմ այն մեկնաբանություններին, թե Վրաստանում եւ Ուկրաինայում դա տեղի է ունեցել միայն Արեւմուտքի ռեսուրսների շնորհիվ: Իրականում այդ երկրների հասարակությունն ինքը ընտրեց ազատ եւ արժանապատիվ ապրելակերպը»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG