Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Ադրբեջանը համաձայն է գրավյալ տարածքների ազատագրման փուլային տարբերակին»


«Հաշվի առնելով տարածքների միաժամանակյա ազատագրման հետ կապված բարդույթունները, այս հարցում հնարավոր է նաեւ փուլային տարբերակը, եւ Ադրբեջանը ներկայացրել է համապատասխան առաջարկ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Ղարաբաղի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ազիմովը միեւնույն ժամանակ վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր 7 գրավյալ շրջանները վերադարձնելու մասին:

Նա նշել է, թե բանակցությունների օրակարգում մշտապես առկա «հիմնական բաղկացուցիչներն են» հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքների վերացումը, ենթակառուցվածքների վերականգնումը, գրավյալ տարածքների վերադարձը, բնակիչների վերադարձը, նորմալ կապերի հաստատումը եւ քաղաքական հարցերի լուծումը:

Ազիմովը ասել է նաեւ, թե Պրահայի գործնթացի շրջանակներում աշխատանք է տարվում բոլոր այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

Նա «անհիմն» է որակել բոլոր խոսակցությունների հակամարտության փուլային կամ փաթեթեային տարբերակների շուրջ:

«Մինչեւ բոլոր այս հարցերով ձեռք չբերվի համաձայնություն՝ որեւէ կարգավորման մասին խոսելն ավելորդ է», - նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Արազ Ազիմովը համոզմունք է հայտնել, թե Լոնդոնում ապրիլի 14-15-ը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը կկայանա: Հայաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, շաբաթասկզբին տեղեկացրել էր եւ այսօր արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Լոնդոնում Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG