Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցիչը հերքում է, թե «կոնֆիդենցիալ հանդիպումներ» են ունեցել Իրանում


Ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանը հինգշաբթի օրը կտրականապես հերքեց «Հայոց աշխարհ» օրաթերթի հաղորդած տեղեկատվությունը, թե անցած ամիս Իրան կատարած այցի ընթացքում ինքը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Իրանում հանդիպումներ են ունեցել այդ երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

«Իրանի արտաքին գործերի նախարարությունը Խաթամիի այցից հետո մեզ հրավիրել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Զբաղվածության պատճառով այցը մի փոքր հետաձգվեց, եւ միայն մարտ ամսին հնարավոր եղավ», - պարզաբանեց Հարությունյանը:

«Հայոց աշխարհ» թերը այսօր «Թեհրան-2005» վերնագրով հրապարակման մեջ պնդում է, թե ՀԺԿ-ին մոտ կանգնած հավաստի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Ստեփան Դեմիրճյանի եւ Գրիգոր Հարությունյանի՝ անցած ամիս Իրան կատարած այցելության իրական նախաձեռնողները Իրանի հատուկ ծառայություններն են եղել։

«Ավելին՝ տեղեկություններ կան, որ Դեմիրճյանն ու Հարությունյանը Իրանում եղած ժամանակ երկու օր պարբերաբար հանդիպումներ են ունեցել այդ երկրի անվտանգության մարմինների ու հատուկ ծառայության աշխատակիցների հետ», - շարունակել է «Հայոց աշխարհ»-ը՝ հավելելով, թե նույն աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում «ՀԺԿ առաջնորդները որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել կուսակցության հետագա գործունեության, մասնավորապես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերում իրենց դիրքորոշումների առնչությամբ»։

Գրիգոր Հարությունյանն ասաց, որ իրենք հանդիպումներ են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ: Երկօրյա այցի մեկ օրը ամբողջությամբ նվիրվել է իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Եթե տվյալ դաշնակցական թերթը նկատի ունի հանդիպումը, որ կայացել է տեղի դաշնակցական կոմիտեի ներկայացուցիչների հետ, ես չեմ կարող դա մեկնաբանել», - ասաց Հարությունյանը: - «Միայն կասեմ, որ իշխանության գործակալները այս նույն վայնասունը նաեւ դրեցին այն ժամանակ, երբ Ստեփան Դեմիրճյանը մեկնել էր Միացյալ Նահանգներ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG