Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. - «Բանակցությունները պետք է խթանի նախագահների հանդիպումը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, դրական գնահատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ներկայիս փուլը, հայտարարել է, որ բանակցությունների համար խթան պետք է հանդիսանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայում կայանալիք հանդիպումը:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Մերզլյակովը չի բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել մայիսին Վարշավայում, որտեղ գումարվելու է Եվրախորհրդի գագաթնաժողովը: Հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել ապրիլի 15-ին Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները:

Մերզլյակովը «շատ հետաքրքիր» է որակել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որով վերջինս չէր բացառել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին: Ռուս դիվանագետը, այդուհանդերձ, հավելել է, թե այնքան էլ չի հավատում մամուլում հրապարակված հայտարարություններին:

«Ադ մասին հստակ հնարավոր կլինի խոսել միայն Լոնդոնում կայանալիք հանդիպումից հետո», - ասել է նա:

Հիշեցմանը, որ անցած դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ինքը ասել էր, թե 2005 թվականը կարող է վճռորոշ լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, Մերզլյակովը արձագանքել է, թե, իր կարծիքով, կողմերը այժմ մոտ են խնդրի կարգավորմանը:

«Երեւի, մոտեցել են մի սահմանագծի, երբ բանակցությունների համար խթան պիտի հանդիսանա նախագահների հանդիպումը», - ասել է նա՝ ավելացնելով, թե եկել է պահը, երբ երկու երկրների նախագահները պետք է կոնկրետ հրահանգներ տան իրենց նախարարներին ու միջնորդներին:

Միսնկի խմբի ռուսաստանցի համանախագահը ասել է նաեւ, որ միջնորդները արդեն ունեն «մի փաթեթ», որը կարող են առաջարկել Քոչարյանին եւ Ալիեւին. - «Այս պահին արդեն պետք է քաղաքական որոշում կայացնեն երկրի նախագահները»:

Փաթեթի բովանդակությունը, բնականաբար, չի հրապարակվում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG