Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի ղեկավարությունը գտնում է, որ իշխանությունները ջանում են կանխել «բողոքի ակցիաների շարունակականությունը»


Շաբաթ օրը «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման երրորդ տարելիցի կապակցությամբ հայաստանյան մի շարք լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնած բողոքի ակցիաների շարքի առաջին միջոցառումից հետո իրավապահները տուգանային հրապարակ են տարել «Ա1+» հեռուստաընկերությանը սպասարկող ավտոմեքենան եւ «վերցրել են» մեքենայում գտնվող բարձրախոսներն եւ ցուցապաստառները:

Ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիաների կազմակերպիչները շաբաթ օրը հեռուստաընկերության գրասենյակից երթով շարժվել էին դեպի Կոմիտասի արձանը, որտեղ առաջիկա տասը օրերին անցնելու է ստորագրահավաք՝ հեռուստաընկերության վերաբացման պահանջով:

«Երեւի դա նրանց մի քիչ վախեցրեց եւ որոշեցին, որ այդպիսի ուժային ձեւով կանխեն շարունակական պրոցեսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Մովսեսյանը ավելացրեց, որ ավտոմեքենան հանրահավաքից հետո տարվել է տուգանային հրապարակ, ըստ ոստիկանների՝ «ստուգման նպատակով»: Նրա փոխանցմամբ, տուգանային հրապարակում պետավտոտեսչության հերթապահ տեսուչը իրենց տեղեկացրել է, որ այդ ամենը արվում է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի կարգադրությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, թե ոստիկանների գործողությունները «միանշանակ ճիշտ եւ օրինական» են եղել, քանի որ երթի ընթացքում հասարական կարգի մի շարք խախտումներ են արձանագրվել:

Նրա խոսքերով, տուգանային հրապարակ տարված մեքենան խախտել էր երթեւեկության կանոնները: Բացի այդ, Շիրինյանը ասաց, թե մարդատար մեքենայի վրա չի թույլատրվում բարձրախոս ամրացանել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ օրենքը կամ սահմանված կարգն է դա արգելում:

Վարչական իրավախախտման համար ավտոմեքենայի վարորդը կտուգանվի, եւ հեռուստաընկերությունը կարող է տուգանային հրապարակից հանել ավտոմեքենան, իսկ բարձախոսները եւ ցուցապաստառները չեն վերադարձվի, քանի որ, Շիրինյանի փոխանցմամբ՝ «կարգ է այդպես»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG