Մատչելիության հղումներ

«Հայաստանցիների մեծամասնությունը չի մասնակցի սահմանադրական հանրաքվեին»


«Ընտրական համակարգեր» կենտրոնի Vox Populi-հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքներով, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը մտադիր չէ մասնակցել այս տարի անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Հարցումն անցկացվել է ապրիլի 1-3-ը:

Մայրաքաղաքում հարցված 618 քաղաքացիների 36 տոկոսը պատասխանել են, թե չեն մասնակցելու հանրաքվեին, իսկ 24 տոկոսը՝ «ավելի շուտ» չեն մասնակցի: Հարցվածների միայն 10 տոկոսն են համոզված, որ մասնակցելու են հանրաքվեին, իսկ 9 տոկոսը՝ «ավելի շուտ» կմասնակցեն: Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 21 տոկոսը:

Հարցման արդյունքները համեմատվել են Vox Populi կենտրոնի՝ նույն հարցով 2004 թվականի հոկտեմբերի 6-9-ը անցկացված հետազոտության արդյունքների հետ։ Անցած 6 ամիսների ընթացքում հանրաքվեին մասնակցելու մտադրություն ունեցողների թիվը կրճատվել է՝ 22-ից նվազելով 19 տոկոսի, իսկ մասնակցելու մտադրություն չունեցողներինը՝ ի հաշիվ չկողմնորոշվածների, աճել է՝ 46-ից հասնելով 60 տոկոսի։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, ապա սրանց բովանդակությանը հարցվածների մեծամասնությունը ծանոթ չէ: Արդյունքները ցույց են տալիս, որ չնայած իրազեկների թիվը 8-ից աճել է մինչեւ 11 տոկոս, այն դեռեւս շատ ցածր է։ Իսկ սահմանադրական փոփոխությունների մասին իրենց տեղեկացված չհամարողների թիվն անցած 6 ամիսների ընթացքում 56-ից հասել է 67 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG