Մատչելիության հղումներ

Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի մեքենան


Անցած գիշեր ժամը 3.30-ի սահմաններում Գորիսում սեփական տան բակում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Նիվա» մակնիշի մեքենան: Մեքենան ամբողջովին այրվել է:

«Տեղի ունեցածը համարում ենք վերջին շրջանում «Սյունյաց երկիր» թերթի նկատմամբ Սյունիքի մարզպետի չսանձվող ահաբեկչական գործողությունների հերթական դրսեւորումը», - նշվում է «Սյունյաց երկիր» թերթի՝ ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:

Ըստ թերթի հայտարարության՝ տեղի ունեցածի անմիջական առիթ է հանդիսացել «Նովոյե վրեմյա» թերթում մարտի 12-ին հրապարակված Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը, որից հետո «թերթի խմբագիրը բազմաթիվ միջնորդավորված զգուշացումներ է ստացել մարզպետից, գիշերային անանուն զանգեր»:

«Սամվել Ալեքսանյանը հրաժարվում է որեւէ բացատրություն տալ Սյունիքի մարզի քննչական կառույցներին՝ երիցս հայտարարելով, որ Սյունիքի մարզում չի գործում ՀՀ Սահմանադրությունը, ուստի եւ ցանկացած իրավապահ, օբյեկտիվ վարքագիծ դրսեւորելու դեպքում, կարող է հայտնվել նույն վիճակում, ինչ խմբագիրը», - ասվում է հայտարարության մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պնդեց, թե տեղյակ չէ դեպքի մասին:

«Եթե ինձ նման մեղադրանքներ են ներկայացվել, ես Սամվել Ալեքսանյանի դեմ հայցով կդիմեմ դատարան», - ավելացրեց նա:


Սյունիքի մարզի դատախազ Ռուդիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG