Մատչելիության հղումներ

Հարցախույզի արդյունքներով, փոխադարձ անվստահություն ու հակակրանք կա հայերի եւ թուրքերի միջեւ


Ըստ երկուշաբթի օրը հրապարակված հարցախույզի արդյունքների, հայերի եւ թուրքերի մեծամասնությունը անվստահություն եւ հակակրանք են տածում միմյանց նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կոտորածները Օսմանյան Թուրքիայում դիտելով որպես հիմնական խոչընդոտ փոխադարձ կապերի վերականգման ճանապարհին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հարցումը, որ մաս է կազմում երկու ժողովուրդների միջեւ երկխոսության հեռանկարներն ուսումնասիրելուն ուղղված խոշոր նախագծի, իրականացրել են Ստամբուլի հետազոտական կազմակերպություններից մեկը եւ հայաստանյան հետազոտական մի կենտրոն՝ ընդգրկելով համապատասխանաբար 1219 թուրքերի եւ 1000 հայերի:

Հարցված հայերի 51 եւ թուրքերի 33 տոկոսը ասել են, թե երկու ժողովուրդները «առհասարակ չեն սիրում միմյանց»: Հայերի ընդամենը 1 տոկոսը եւ թուրքերի 14 տոսոսն են ցանկություն հայտնել, որ փոխադարձ վերաբերմունքը բարելավվի:

Թուրքերի նկատմամբ «արյունռուշտ», «բարբարոս» ու «ոսոխ» բնութագրերը կիրառելի են համարում հարցված հայերի 69 տոկոսը: Հարցմամբ ընդգրկված թուրքերի 34 տոկոսը բացասական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ՝ վերջիններս բնութագրելով որպես «թշնամի» եւ «նախապաշարված»:

Միմյանց մասին դրական կարծիք ունեն միայն հայերի 9 եւ թուրքերի 11 տոկոսը:

Երկկողմ կապերը «շատ վատ» կամ «վատ» են բնորոշել հարցված հայերի 79 տոկոսը, մինչդեռ թուրքերի 45 տոկոսի կարծիքով, դրանք «ոչ լավն են, ոչ էլ վատը»:

Հայերի ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, խոշոր խոչընդոտներ են տեսնում երկկողմ կապերի նորմալացման ճանապարհին, եւ ցեղասպանության հարցը որպես հիմնական խոչընդոտ նշել են հարցվածների 82 տոկոսը:

Հարցված թուրքերի 37 տոկոսը նույնպես խոշոր խոչընդոտներ է տեսնում երկկողմ կապերի նորմալացման ճանապարհին, սակայն նրանց միայն 19 տոկոսն է ցեղասպանության պնդումները դիտում որպես գլխավոր հիմնախնդիր:

Հարցված հայերի 88 եւ թուրքերի 65 տոկոսը կողմ են, որ երկու երկրների միջեւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանի վերաբացմանը կողմ են հայերի 63 եւ թուրքերի 51 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG