Մատչելիության հղումներ

Նոր սահմանային միջադեպ Աղդամի շրջանում


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ շաբաթավերջին եւ լույս երկուշաբթի գիշերը տեղ են գտել փոխհրաձգության դեպքեր հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես միշտ, պնդում է, թե հայկական կողմն է առաջինը բացել կրակը. - «Շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում Ազդամի շրջանի Գյուլչիլի գյուղից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Չիրաղլի եւ Ահմադաղալի գյուղերի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել: Զոհեր եւ տուժածներ չկան»:

ANS գործակալության փոխանցմամբ, նույն վայրում լույս երկուշաբթի գիշերը շուրջ մեկ ժամ տեւողությամբ փոխհրաձգության արդյունքում հայկական կողմը ունեցել է կորուստներ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, սակայն, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքեց կորուստների մասին տեղեկատվությունը:

«Փոխհրաձգություններ միշտ էլ լինում են, բայց կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում», - ասաց Հասրաթյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG