Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. - «Իրադրության զարգացումը Ղրղըզստանում անսպասելի չէր մեզ համար»


Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահը, գնահատելով նախկին խորհրդային հանրապետություններից Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձությունները, ուրբաթ օրը Երեւանում հայտարարել է, թե դրանք «անսպասելի չէին Ռուսաստանի համար»:

«Իրադրության զարգացումը Ղրղըզստանում անսպասելի չէր մեզ համար», - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Պուտինը: - «Դա արդյունք է ե’ւ իշխանության թուլության, ե’ւ երկրում կուտակված սոցիալ-տնտեսական պրոբլեմների»:

«Միաժամանակ ցավալի է, որ հերթական անգամ հետխորհրդային տարածքի երկրներից մեկում քաղաքական հարցերը լուծվում են ոչ իրավական մեթոդներով եւ ուղեկցվում ջարդերով ու մարդկային զոհերով», - շարունակեց Ռուսաստանի նախագահը՝ հույս հայտնելով, որ ընդդիմութան առաջնորդները, գիտակցելով իրենց պատասխանատվությունը սեփական ժողովրդի առջեւ, հնարավորինս արագ իրավիճակը կառնեն վերահսկողության տակ:

Ինչ վերաբերում է Ասկար Ակաեւի՝ Ռուսաստան ժամանելու հնարավորությունը, Ռուսաստանի նախագահը ասաց. - «Եթե նա կամենա, մենք չենք առարկի»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղրղըզստանի իրադարձություններին վերաբերող հարցը վերահասցեագրեց Վլադիմիր Պուտինին՝ ասելով, թե Հայաստանը Ղրղըզստանում դիվանագիտական ներկայացուցչություն չունի:

Հայ-ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ կրկին ասվեց, թե մեծ է դրանց զարգացման պոտենցիալը քաղաքական, տնտեսական, ռազմաարդյունաբերական եւ այլ ոլորտներում:

Վլադիմիր Պուտինը ասաց, թե այցի արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ ներդրումների, էներգետիկայի, բանկային ու տրանսպորտի ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Վլադիմիր Պուտինը ասել է, թե «մեծ հույսեր» է կապում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ:

Անդրադառնալով ԱՊՀ բարեփոխման խնդիրներին՝ նկատի ունենալով, որ որոշ երկրներ (Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան) չեն բացառում իրենց դուրս գալը ԱՊՀ-ից, Պուտինը ասաց. - «Բոլոր հիասթափություններն առաջանում են ավելորդ սպասումներից»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG