Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հաստատել է, որ Ջորջ Բուշը այցելելու է Վրաստան


Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը գալիք մայիսին այցելելու է Վրաստան: «Երկրորդ աշխարհամարտի ավարտի 60-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում նախագահ Բուշը մայիսի 6-ից 10-ը այցելելու է Լատվիա, Նիդերլանդներ, Ռուսաստան եւ Վրաստան», - ասվում է երեկ տարածած հաղորդագրության մեջ, ուր նաեւ նշվում է, որ նախագահի Թբիլիսի կատարելիք այցի նպատակը «ժողովրդավարությանը, պատմական բարեփոխումներին եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում իր աջակցությունը հավաստելն է»:

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Բուշի այցելությունն անվանել է «նշանավոր երեւույթ», քանզի «ԱՄՆ-ի նախագահը երբեք չի եղել ԱՊՀ որեւէ երկրում, բացի Ռուսաստանից եւ Ուկրաինայից»:

Սպասվում է, որ Բուշը Վրաստանի ժողովրդին կդիմի Ազատության հրապարակից եւ ելույթ կունենա խորհրդարանում: Սահակաշվիլին խոստացել է ամենայն հյուրասիրությամբ ընդունել Միացյալ Նահանգների առաջնորդին:

Արեւմտյան մեկնաբանները խիստ կարեւորում են Բուշի եվրոպական այցի ծրագրում Լատվիայի եւ Վրաստանի ընգրկումը: «Վաշինգթոն Փոստ» թերթը այս կապակցությամբ գրել է, թե դրանով ԱՄՆ-ը «ցուցադրում է իր մտահոգությունն ու անհանգստությունը Կրեմլի վարած քաղաքականության առթիվ»:

«ԱՄՆ նախագահի այցը կարեւոր եւ խորհրդանշական է: Պարանոյան եւ կանխակալ մոտեցումները դառնում են Պուտինի իշխանությունը բնութագրող հատկանիշներ, եւ այս առումով կարելի է ենթադրել, որ Կրեմլը խիստ դժգոհություն կարտահայտնի Բուշի այցի առթիվ», - ենթադրում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի բաժնի ավագ փորձագետ Սարա Մենդելսոնը:


Արմեն Դուլյան եւ Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG