Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրների դեսպանները ԱԺ խոսնակի հետ քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը


Եվրամիության անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները հինգշաբթի օրը Ագգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ քննարկել են Հայաստանի հանձնառած ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հունաստանի դեսպանները, ինչպես նաեւ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչը եւ Եվրամիության երեւանյան գրասենյակի ղեկավարը:

Ագգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում «հանգամանալից անդրադարձ է կատարվել սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքին»:

«Եվրամիության դեսպանները մատնանշեցին բարեփոփումների անցկացման եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման կարեւորությունը», - փոխանցում է հաղորդագրությունը: - «Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս կարեւորեց եւ վերահաստատեց միջազգային կառույցների եւ փորձագետների հետ բարեփոխումները շարունակելու պատրաստակամությունը` ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ հաստատված ժամանակացույցին համապատասխան»:

Եվրախորհրդին անդամակցությամբ չորս տարի առաջ Հայաստանը հանձնառել էր բարեփոխել նաեւ երկրի Սահմանադրությունը: Անցած սեպտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հորդորել էր Հայաստանի իշխանություններին արդեն բարեփոխված Սահմանադրությունը հանրաքվեի դնել մինչեւ 2005 թվականի հուլիսի 1-ը: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, սակայն, դեռեւս քննարկվում է, եւ հազիվ թե իշխանությունները հասցնեն այն հանրաքվեի դնել մինչեւ սահմանված ժամկետը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG