Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմագերիների հարցերով հանձնաժողովները «մշակում են համագործակցության մեխանիզմներ»


Մարտի 18-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը:

Հայկական կողմը ներկայացնում էին Հայաստանի պետհանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Գրիգորյանը եւ իր օգնական Լեո Ագաջանովը, իսկ ադրբեջանական կողմը՝ պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը եւ Աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը:

Հանդիպմանը մասնակցնում էին նաեւ ղարաբաղյան հակամարտության շրջանում Անհայտ կորածների որոնման եւ գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Սվետլանա Գանուշկինան եւ Բերնհարդ Կլազենը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումն անցել է «աշխատանքային ջերմ մթնոլորտում»:

«Մշակվել են կառուցողական համագործակցության մեխանիզմներ՝ հիմնված գերիների համապատասխան ստուգումից հետո հնարավորինս կարճ ժամանակահատվածում նրանց վերադարձնելու սկզբունքի վրա», - նշվում է հաղորդագրությունում: - «Հանդիպման մասնակիցները անբարոյական են համարում մարդկանց փոխանակումը, եւ հետագայում հարց է դրվելու գերիների միայն ազատ արձակման մասին»:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել միջազգային կազմակերպություններին եւ գերիների ազգականներին գերիների հետ հանդիպման հնարավորություն ընձեռել, որպեսզի «նրանք հավաստիանան վերջիններիս հայրենիք վերադառնալու կամավորության մեջ»:

Հանդիման մասնակիցները նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի պետհանձնաժողովների հետագա աշխատանքների եւ պարբերական անմիջական շփումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG