Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի որակմամբ՝ վաղը Ռուսաստանի նախագահ Պուտինը «միանգամայն դեկլարատիվ այց կկատարի Հայաստան եւ կմասնակցի Հայաստանում Ռուսաստանի տարվա բացման միանգամայն դեկլարատիվ արարողությանը»: Այդ տարվա ընթացքում, ըստ թերթի, տեղի կունենան տնտեսական եւ մշակութային բովանդակության մի քանի դեկլարատիվ միջոցառումներ, եւ գործընկերային ողջ «շուխուրը» դրանով կվերջանա: «Սրանք միանգամայն հիմնավոր կասկածներ են, որ առավել ամրապնդվեցին Ռուսաստանի նախագահի արտաքին հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոյի հետ Կրեմլում մեր ունեցած հանդիպումից հետո», - նշում է մեկնաբանը՝ այդ հանդիպումից մասնավորապես փոխանցելով հետեւյալը. - «Երբ նրան հարցրի, թե մտավախություն չունե՞ք, որ հայ-թուրքական սահմանի բացվելու դեպքում Երեւանի նկատմամբ Մոսկվայի ազդեցությունը կթուլանա, եւ Հայաստանը կհեռանա Ռուսաստանից, Պրիխոդկոն մոտ 5 րոպե բոլորիս օգնությամբ փորձում էր ճշտել՝ «ո՞ւր կհեռանա Հայաստանը»: Ստիպված եղանք բացատրել, որ աշխարհագրական առումով Հայաստանը կմնա նույն տեղում, բայց կհեռանա ռուսական ազդեցությունից: Վերջապես հնչեց որոնելի պատասխանը. «Թե ով որտեղ եւ ուր կհեռանա՝ դա յուրաքանչյուրի սուվերեն գործն է, եւ պետք չէ դրանով միմյանց վախեցնել: Իսկ ՆԱՏՕ-ի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք»: «Կարծում ենք, այսքանից հետո իմաստ չունի ընթերցողին ներկայացնել մեր զրույցի մնացած մանրամասները», - եզրափակում է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Կարելի՞ է ենթադրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը չի բխում Ռուսաստանի շահերից, եւ Ռուսաստանն այս հարցում կարո՞ղ է օգտագործել «վետոյի իրավունքը»: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այս հարցին հակված է տալ «այո» պատասխանը եւ «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում մատնանշել է. - «Իրան-Հայաստան գազատարի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խանգարում է, ձգձգում, փորձում այնպես անել, որ այդ գազատարը շահավետ լինի նաեւ իր համար»: Ղարաբաղյան կարգավորման հարցում Պուտինի բանաձեւն էլ, թե «չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ», քաղաքագետը բացում է այսպես. - «Ռուսաստանն ուզում է, որ իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա: Եթե Արեւմուտքը փորձում է իրավիճակը փոխել, ապա Ռուսաստանը փորձում է սառեցնել: Լեռնային Ղարաբաղի հարցում ներկա իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին»: «Ազգ»-ում արձանագրվում է, որ Պուտինի իշխանության գալով ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է: Իսկ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի առնչությամբ բերվում է Ալեքսանդր Իսկանդարյանի հետեւյալ ուրվագիծը. - «Այնպիսի ձեռնարկություններ, որոնք Ռուսաստանին փոխանցվեցին պարտքի դիմաց, Ռուսաստանում փլուզվում են: Ոչ միայն պարտքի դիմաց տալ, այլ այնպես անել, որ այդ ձեռնարկությունների վրա գումարներ ծախսվեն, եւ Ռուսաստանն այդ փողերն ուղղեր ոչ թե իր տնտեսությանն, այլ ուրիշի, դժվար է: Այդ գործարքի իմաստը կարող է լինել քաղաքական»:

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Հայոց աշխարհ» թերթում այսօր համեմատում է. - «Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, կարծես ինքներս մեզ սահմանափակել ենք Մինսկի խմբի շրջանակում՝ երկու նախագահների կամ երկու արտգործնախարարների մակարդակով ընթացող բանակցություններով։ Մինչդեռ ադրբեջանական կողմը, հատկապես վերջին շրջանում, զուգահեռաբար, անգամ, կարելի է ասել, ի հակակշիռ բանակցային գործընթացի, ծավալուն դիվանագիտական աշխատանք է իրականացնում տարբեր ուղղություններով: Ժամանակն է, որ մենք եւս նույնը անենք»: «Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Հայաստանի ժողովրդավարացման ալիքի ուշացումը ուղղակիորեն կապում է Ղարաբաղի խնդրի հետ եւ կարծում է, որ այսօր արդեն այդ գործընթացները ընթանալու են զուգահեռ: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի հարցով «այլեւս ի վիճակի չէ աշխատել»: «Այս իշխանությունները 7 տարի առաջ եկել են Ղարաբաղի հարցը լուծելու կարգախոսներով, եթե դա նրանց մոտ չի ստացվում, ապա կա մեկ ճանապարհ` նրանք պետք է հեռանան», - ձեւակերպում է շուտով ընդդիմադիր նոր ֆորմատ ստեղծելու խոստում տվող ընդդիմադիրը: - «Նոր իշխանությունը, որը կունենա հասարակական վստահության ռեսուրս, կկարողանա Ղարաբաղի հարցը լուծել նոր ոճով, նոր մոտեցումներով, նոր էջից»:

«Արագած լեռան շուրջ նախատեսվող «Միասնության շուրջպարը» ոչ միայն գեղեցիկ, այլեւ անհրաժեշտ նախաձեռնություն է», - գնահատում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Իսկապես արժե նման մի ընդգրկուն ակցիա անցկացնել, որն, ի լրումն ամենի, հստակ ընդգծված գաղափարական, գաղափարախոսական շեշտադրում է կրում»: «Իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, ապա թող մնան իրենց բազկաթոռներում ընկղմված, իրենց մտքերից ու մաղձից կառչած», - այլընտրանք է թողնում մեկնաբանը՝ երկու բացառությամբ. - «Պետք չէ էս գլխից կռկռալ կամ կռավել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG