Մատչելիության հղումներ

Հուզումներ Ղրղըզստանում


Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, շարունակվում են հուզումները Ղրղըզստանի հարավային Ջալալ-Աբադ եւ Օշ քաղաքներում:

Ջալալ-Աբադում ցուցարարները, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել փետրվարի 27-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները (ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները կեղծել են դրանք) եւ պահանջում նախագահ Ասկար Ակաեւի հրաժարականը, կիրակի երեկոյան գրավել են քաղաքապետարանը եւ այրել ներքին գործերի վարչության շենքը: Նրանք գրավել են նաեւ օդանավակայանը՝ փորձելով խոչընդոտել Բիշկեկից ինքնաթիռներով լրացուցիչ ոստիկանական ուժերի տեղափոխումը:

Հուզումները Ղրղըզստանում սկսվել են մարտի 13-ից՝ խորհրդարանական ընտությունների երկրորդ փուլի արդյունքները հրապարակելուց հետո: Ղրղըզստանի խորհրդարանի 75 տեղերի համար պայքարում էին մոտ 400 թեկնածու: Ըստ Ղրղըզստանի ԿԸՀ-ի, ընտրվածների բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, իշխանամետ կամ չեզոք պատգամավորներ են: Պատգամավոր են ընտրվել նաեւ Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւի որդին եւ դուստրը:

«Մեզ մոտ «վարդագույն կամ նարնջագույն հեղափոխություն» տեղի չի ունենա, քանի որ դրա համար որեւէ նախապայման չկա», - վերջերս հայտարարել էր Ասկար Ակաեւը:

Ընդդիմությունը, մինչդեռ, հայտարարում է, թե հեղափոխությունը երկրի հարավից շարժվում է դեպի մայրաքաղաք Բիշկեկ:

«Մենք հսկողության տակ ենք առել վարչական գրասենյակները: Աշխատակազմի եւ ոստիկանների մի մասը մեր կողմն է անցել: Պատմական իրադարձություններ են կատարվում 0շում, մենք արդեն գրավել ենք երկրի կեսը՝ հարավը, եւ առաջ ենք շարժվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Աթա 3ուրթ» («Հայրենիք») ընդդիմադիր շարժման առաջնորդներից Ռոզա 0տունբաեւան:

Երեկ անվտանգության ուժերը Ջալալաբադում եւ 0շում ձերբակալություններ են կատարել, տեղի են ունեցել բախումներ: Ըստ ընդդիմության, կան զոհեր, սակայն ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուրդին Ժանգարաեւը հերքել է դա:

«Գործողությունը շատ արագ ենք իրականացրել, դա ընդամենը 15 րոպե է տեւել, սպանվածներ չկան», - ասել է նա:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը եւ ԵԱՀԿ-ն կողմերին հորդորել են անհապաղ կայուացնել իրավիճակը: Ղրղըզստանի վարչապետ Նիկոլայ Տանաեւն ասել է, թե ամեն ինչ կարվի ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG