Մատչելիության հղումներ

Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման հարցը «հիմնականում լուծված է»


«Ռազմակայանների դուրսբերման հարցը գործնականում լուծված է, հիմա մենք աշխատում ենք մանրամասների վրա, հուսով եմ, որ լուծումը կգտնվի մինչեւ մայիսի վերջը», - ուրբաթ օրը Մոսկվայում «Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակցին ասել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով նախարար Գեորգի Խաինդրավան: Նրա խոսքերով, Թբիլիսին ընդունելի է համարում Բաթումիի եւ Ախալքալակի ռազմակայանները երկու տարվա ընթացքում դուրս բերելու՝ ռուսական կողմի առաջարկը:

«Բազաներն անաքրոնիզմ են, դրանց նպատակը Խորհրդային Միությունը հարավային ուղղությունից պաշտպանելն էր: Այսօր ո’չ ՆԱՏ0-ն եւ ո’չ էլ Թուրքիան Ռուսաստանի թշնամիները չեն: Ուստի, բազաների անհրաժեշտությունն այլեւս չկա», - ասել է Խաինդրավան:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Թբիլիսիում ասել է, որ հաջորդ շաբաթ ռուս եւ վրացի բանագնացների աշխատանքային խմբերը քննարկելու են ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետներին, հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաեւ վիզային ռեժիմին վերաբերող խնդիրներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG